Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեռնային պար»-ը չունի իր հիմնական տեղը (տեսանյութ)

Հասարակություն
lernayin-par

Վերականգնումից երկու տարի անց  «Լեռնային պար» քանդակը դեռեւս չի գտնում իր հիմնական տեղը:   «Գլխավոր պողոտայի վրա առաջարկեցինք, այնտեղ խաչքարեր են դրված եւ շատ է լցված: Մի անգամ էլ իրենք առաջարկեցին Ավանի այգում, որտեղ արդեն մի սպիտակ արձան էր տեղադրված»,- «Ա1+»-ին ասաց քանդակագործ Տիգրան Արզումանյանը: Մի քանի տարի առաջ հայտնի  դարձավ, որ քանդակը, որը   մոտ  30 տարի  զարդարում էր  Դվին հյուրանոցի տարածքը,   ոչնչացման եզրին է։ Քանդակի գրեթե 60 տոկոսը վնասված էր: Ահազանգից հետո քանդակը տեղափոխվեց։  Ժամանակին 11 տարի քանդակի վրա աշխատած Տիգրան Արզումանյանը 6 ամիս էլ տրամադրել է վերականգնմանը: «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ եւ Մշակույթի նախարարության տրամադրած գումարներով վերականգնված արձանախումբը  գտնվում է Երեւանի գեղարվեստի կոմբինատում:  «Այս քանդակը չեմ ուզում, որ մյուս տխրահռչակ քանդակների բախտին արժանանա, որոնց հեղինակներն արդեն չկան: Աճառյանի փոքր գլուխը, որը «Նաիրի» կինոթատրոնի  դիմացի մայթին կա, մինչեւ օրս գողացվել է եւ չեն գտնում: Ուզում եմ Կենտրոնում լինի, արվարձաններում դժվար վերահսկողություն լինի»,- ավելացնում է Տիգրան Արզումանյանը: lernayin par qandak Քանդակագործը կարծում է, որ արձանախումբը պետք է  տեղադրվի փոքր կենտրոնում. «Փոքր կենտրոնում են պտտվում հյուրերը:  Տուրիզմի քաղաք ենք առաջարկում,  որ լինի: Սա ազգային խմբաքանդակներից հազվագյուտ խմբաքանակն է, որը դրվել էր Դվին հյուրանոցում: Հիմա պարզապես այնպես է կառուցապատված, որ այնտեղ տեղ չկա այս քանդակի համար»: Տիգրան  Արզումանյանը հույս ունի, որ  գոնե 2018 թ քանդակի հիմնական տեղը կորոշվի։ Նրան հույս է տալիս հանգամանքը, որ  օրեր առաջ քոչարին Հայաստանի հայտով գրանցվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ներկայացուցչական ցանկում: