Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսանողները սպասում են իրենց պայմանի կատարմանը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
davit

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության  անդամ Դավիթ Պետրոսյանը համաձայն չէ այն տեսակետին, որ տարկետման սահմանափակումների  դեմ ուսանողների պայքարն անարդյունք էր և ԱԺ-ում կայացած  կլոր սեղանի  ժամանակ  ուսանողների գլխի տակ փափուկ բարձ են դրել։ «Այդ կլոր սեղանը պայքարի մի միջոց էր, որը մի այլ պրոցեսի սկիզբ էր։ Մենք լինելով էդ պրոցեսի մեջ ամենաակտիվը, համարեցինք, որ դա էդ պահին ամենաօպտիմալ լուծումն էր»։  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի   նախագիծն ընդունվել է, իսկ  նոյեմբերի 29-ին նախագահ Սերժ Սարգսյանն է ստորագրել։Սակայն ուսանողները փոփոխությունների ակնկալիքներ ունեն։ Օրինագծի շուրջ կլոր սեղան ձևաչափով բանակցություններից հետո,  հանդիպումներ ունեցան կրթության և գիտության և պաշտպանության նախարարություններում, որտեղ ուսանողները առաջարկ են արել պաշտոնական գերատեսչություններին 22-րդ հոդվածի 5-րդ կետի շուրջ հայտորոշիչների և չափորոշիչների մշակման վերաբերյալ, թե ինչպես են ընտրվելու տարկետում ստացող բացառիկ ուսանողները  «Ո՞նց պետք է իրականացվի, մենք գիտենք որ մարդիկ բացառիկ չեն եղել գնահատականներով, բայց մեծ նվաճումների են հասել, ո՞վ պետք է հետևի էդ չափանիշներին և հայտանիշներին, դա շատ մշուշոտ է։ Հանձնաժողովը, ովքեր պետք է հետևեն ուսանողներին և տեսնեն՝ ով է արժանի և ով՝ ոչ, դա պետք է փոփոխվող լինի, ամեն մասնագիտության համար պետք է լինի տվյալ մասնագետով հարցազրույց, որպեսզի կոռուպցիոն ռիսկեր չառաջանան։ Սա մեր առաջարկն է եղել, առաջարկը ընդունվել է»։  Դավիթ Պետրոսյանը փաստում է, որ դասադուլը պարզապես միջոց էր իրենց ձայնը բարձրաձայնելու համար։   «Մենք մեր առաջ դրել էինք մի քանի խնդիր, առաջինը հանրային քննարկում խթանելն էր կոնկրետ օրենքի հոդվածի հետ կապվցած, որը խիստ սահմանափակելու էր տարկետումը, հանրային քննարկումը կարող եմ ասել, որ ստացվեց: Մյուս նպատակն էր՝ պահպանել տարկետման ներկայիս կարգը՝ առանց կոռուպցիոն ռիսկերի: Դա ցավոք մեզ մոտ դեռևս չի ստացվել»։ Դավիթ Պետրոսյանն իրենց պայքարի արդյունք է  համարում այն, որ երկրորդ ընթերցման ժամանակ օրենքում ավելացվեց, որ կառավարության որոշմամբ տարկետում կտրամադրվի  նաև գիտության և արվեստի բնագավառում հաջողությունների հասած և բացառիկ ուսանողներին, որը  մինչ այդ վերաբերում էր միայն սպորտի ոլորտին։   Ուսանողները սպասում են  իրենց  առաջարկների պատասխանին  մինչեւ տարվա վերջ։   Ինչ վերաբերում է տարբեր տեսակետներին, թե ուսանողների ետեւում քաղաքական ուժեր են կանգնած, ապա Դավիթ Պետրոսյանը  վստահեցնում է՝՝ «Հանուն գիտության զարգացման» շարժումը չի կուսականացվի։ «Սա ուսանողական նախաձեռնություն է, ուսանողների համար մուտքը բաց է, կուսակցական ոչ կուսակցական, բայց կոնկրետ ինչ-որ քաղաքական ուժի հետ համագործակությունը ուղղակի անհնար է»։ Ի դեպ,  պաշտոնյաների եւ ուսանողների  նոր հանդիպման օրը դեռևս նշանակված չէ։