Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը հանձնարարեց տոներին աշխատել (տեսանյութ)

Պաշտոնական
varchapet

 Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականը արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ էր: «Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների մեծ զանգվածը գործարար միջավայրի ներկայացուցիչներն են։ Այդ տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջները և կարգը լինեն հստակ և կանխատեսելի։ Ներկայումս գործող կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում, չնայած կատարված աշխատանքներին, դեռևս ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը՝ օրինակ առավել մեծ ռիսկայնության աստիճանի սննդամթերքի որոշման կարգավորումները և դրանից բխող հետևանքները և այլն։ Արդյունքում գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող է առաջանալ տարընկալում, մասնավորապես՝ սննդամթերքի ներմուծման և արտահանման վարչարարության դեպքերում», - ասել է Կարեն Կարապետյանը։ Այդ նպատակով վարչապետը հանձնարարել է Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարեվերջ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել  սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման՝ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ: «Մանավանդ, որ վերջերս մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման հետ կապված որոշ խնդիրների մասին հրապարակումներ», - ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանն անդրադարձել է տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկին: «Կառավարության նախորդ նիստի ընթացքում հանձնարարական էր տրվել Պետական եկամունտերի կոմիտեի նախագահին և առաջարկվել Կենտրոնական բանկի նախագահին բոլոր մաքսատներում և առևտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչև հունվարի 7-ը շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն։ Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված և ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումների և ծառայությունների մատուցման ծավալները՝ առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաև Սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել նաև  արտաժամյա աշխատանքային գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն», - նշել է վարչապետը՝ հավելելով, որ պետք է ապահովել արտակարգ իրավիճակ, որպեսզի հաճախորդը որևէ խնդիր չունենա: ---------------------------------- ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը կնպաստի նաև օտարերկրյա ներդրումների ներգրավմանը Գործադիրն ընդունել է «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրու համայնքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Մեղրի ազատ տնտեսական գոտի» փակ բաժնետիրական ընկերությունն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին» որոշում: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշել է, որ ազատ տնտեսական գոտու նպատակն է օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը, երկրի ներդրումային գրավչության բարձրացումը, արտահանման ուղղվածություն ունեցող գործունեության խթանումը, արտահանման ծավալների ավելացումը, նոր աշխատատեղերի ստեղծումն ու կայուն տնտեսական զարգացման խթանումը:  Նախարարի խոսքով, ազատ տնտեսական գոտին կզարգանա երկու փուլով՝ ավարտական փուլում ունենալով 70 հեկտար տարածք: «Գոտու գործունեության արդյունքում առաջիկա տարիներին նախատեսվում է ներգրավել 50-70 շահագործող կազմակերպություններ, որոնք կիրականացնեն 130-150 մլն դոլարի ներդրումներ, կստեղծվի շուրջ 1500 նոր աշխատատեղ: Արտահանման ծավալները կկազմեն 250 մլն դոլար»,- նշել է Սուրեն Կարայանը:  Կարեն Կարապետյանի հարցին ի պատասխան՝ նախարարը նշել է, որ  ԱՏԳ-ի բացումը նախատեսվում է իրականացնել դեկտեմբերի 15-ին: Հիմնավորման համաձայն, Մեղրի համայնքում ազատ տնտեսական գոտին կլուծի ոչ միայն մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները, այլև կնպաստի ՀՀ արտասահմանյան կապիտալի ներհոսքին, ՀՀ տարածքային զարգացմանը, ԻԻՀ հետ տնտեսական կապերի ամրապնդմանը, ԵԱՏՄ անդամակցությանը, ԵՄ հետ առկա հարաբերությունների և տարվող բանակցությունների ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը: