Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀՀ-ն՝ ԱՄՆ Կոնգրեսում Թուրքիայի քողարկված ազդեցության մասին

Քաղաքականություն
index7

Վաշինգտոն –ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինն իրեն մեղավոր է ճանաչել դաշնային պաշտոնյաներին «էապես կեղծ, շինծու և խարդախորեն ներկայացված հայտարարություններ» տրամադրելու մեջ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը: Արդարադատության նախարարության հատուկ խորհրդական Ռոբերտ Մյուլլերը Ֆլինին մեղադրանք է ներկայացրել նախագահության անցման ժամանակ Ռուսաստանի դեսպանի հետ զրույցների վերաբերյալ Հետաքննության դաշնային բյուրոյին ստելու, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հետ իր կապերի մասին կեղծ հայտարարությունների կապակցությամբ: Ամերիկայի Միացյալ Նահանգներն ընդդեմ Մայքլ Ֆլինի մեղադրական հայտարարությունում Թուրքիան ներկայացվում է «օտարերկրյա կառավարությունների հետ Ֆլինի կապերին վերաբերող այլ կեղծ հայտարարություններ» կատեգորիայում: Հայտարարությունում ներկայացվում են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք առնչվում են Ֆլինի և նրա ընկերության՝ Flynn Intel Group, Inc.-ի կողմից իրականացված ծրագրի՝ «հօգուտ Թուրքիայի Հանրապետության հիմնական շահի» («Թուրքիա նախագիծ»): Արտասահմանյան գործակալների գրանցման ակտի (FARA) համաձայն, Ֆլինն «էապես կեղծ հայտարարություններ ու բացթողումներ է ներկայացրել» լոբբիստական ​​գործունեության վերաբերյալ, որն իրականացրել էր հօգուտ Թուրքիայի Հանրապետության և Էրդողանի կառավարության: Արդարադատության նախարարության մեղադրական հայտարարության ամբողջական տեքստը կարդալու համար սեղմեք այստեղ: «Ֆլինի մասին վերջին բացահայտումներն ընդամենը սառցաբեկորի գագաթն են: Չնայած դատախազները որոշ հույժ կարևոր տեղեկություններ են բացահայտել, դեռևս շատ ավելին կպարզաբանվի, մասնավորապես Թուրքիայի կողմից շարունաբար ապօրինի գումարների օգտագործման վերաբերյալ՝ նպատակաուղղված ազգային անվտանգության ամենաբարձր մակարդակների վրա ազդելու: Այս գործելակերպը շարունակվում է և պետք է դադարեցվի», - նշել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Ինչպես արդեն նախկինում կոչ ենք արել, պետք է Կոնգրեսում մանրակրկիտ լսումներ անցկացվեն, որպեսզի լիովին բացահայտվեն Միացյալ Նահանգների կառավարության վրա ազդելու Թուրքիայի փորձերը. դա ուղղակիորեն հարված է հասցնում մեր ժողովրդավարական արժեքներին», - ավելացրել են նրանք: Հայտարարությունները բացահայտել են, որ Ֆլինին 15 միլիոն ԱՄՆ դոլար պետք է վճարվեր քողարկվածկերպով Թուրքիայի պահանջները կատարելու համար: Արդարադատության նախարարության ներկայացմամբ անցյալ տարի Ֆլինին արդեն 530 հազար դոլար էր վճարվել այն աշխատանքի դիմաց, որ իրականացվել էր հօգուտ Թուրքիայի կառավարության և ժամանակին չի գրանցվել որպես օտարերկրյա գործակալ: Հոկտեմբերի 18-ին Ներկայացուցիչների պալատի Վերահսկողության և կառավարության բարեփոխումների հանձնաժողովի ամենաբարձրաստիճան անդամ Էլիջահ Քամմինգսը (դեմոկրատ, Մերիլենդ) 17 կոնգրեսականների հետ միասին նամակ է հղել հանձնաժողովի նախագահ Թրեյ Գոուդիին (հանրապետական, Հարավային Կարոլինա)՝ հայց ներկայացնելով Սպիտակ տանը՝ տրամադրելու բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են օտարերկրյա կառավարությունների հետ գործարար հարաբերություններում Ֆլինի «աղաղակող անձնական նկրտումներին», այդ թվում՝ 2016թ. հօգուտ Թուրքիայի կառավարության Ֆլինի՝ որպես արտասահմանյան գործակալի նրա չհայտարարված լոբբիստական ​​պայմանագիրը: Նամակում նշվում է. «Վստահ ենք, որ այս փաստարկումները պետք է հետաքննվեն, որպեսզի պատասխան տրվի լրջագույն հարցին. §Արդյո՞ք Ֆլինը փորձել է փոխել մեր երկրի ազգային անվտանգության ընթացքը` ի շահ այն նույն անձնական նկրտումների, որոնք նախկինում հետապնդել է՝ խորհուրդներ տալով Թրամփին, փոխգործակցելով օտարերկրյա պաշտոնյաների հետ կամ Թրամփի վարչակազմի այլ անդամների վրա ազդելով»: Համագումարը շարունակ մատնանշել է ամերիկացի պաշտոնյաների վրա քողարկված ազդեցություն ունենալու Թուրքիայի փորձերն՝ ի վնաս ԱՄՆ-ի ազգային անվտանգության և կոչ է արել այդ կապակցությամբ հետաքննություն անցկացնել: Համագումարը նաև կոչ է արել Կոնգրեսի Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին միացած կոնգրեսականներին դադարեցնել վերջիններիս անդամակցությունը: Ոմանք արդեն դադարեցրել են: «Կոնգրեսականները չպետք է թույլ տան, որ նրանց անունները կապվեն նման կոռումպացված և ավտորիտար վարչակարգերի հետ: Հաշվի առնելով քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը՝ վտանգավոր արատավոր վարքագիծը, Հայոց ցեղասպանության ժխտումը և Ադրբեջանի կողմից ԻԼԻՊ-ի ոճով գլխատումների ու այլ հարձակումների վերջինիս սատարումը, վաղուց ժամանակն է, որ կոնգրեսականները դադարեցնեն իրենց անդամակցությունը Կոնգրեսի Թուրքական և Ադրբեջանական հարցերով հանձնախմբերին», - վերստին հայտարարել են Համագումարի համանախագահները: Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: