Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մղարթ գյուղում իրավիճակը սրվում է

Քաղաքականություն
ardvi

ՀՀ Լոռու մարզի Մղարթ գյուղում իրավիճակը, կապված Շեկաղբյուրի ոսկի- բազմամետաղային ծրագրի հետ, սրվում է: Սույն թվականի  դեկտեմբերի 1-ին` Մղարթում նախատեսված Շեկաղբյուրի ծրագրի հանրային քննարկման տապալումից հետո, դեկտեմբերի 3-ին «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբը Մղարթի բնակիչներից ահազանգ ստացավ, որ Մղարթ են եկել «Միռամ» ընկերության համախոհները Նիվա մակնիշի 34 OP 848 համարանիշի մեքենայով և թաքուն տեսանկարահանումներ են իրականացնում` փորձելով հայտնաբերել Շեկաղբյուրի ծրագրին դեմ արտահայտվողներին: Նկարահանումն իրականացնողը նույն Շեկաղբյուրի ծրագրի համար առանց թույլտվության փոս էր փորել հանքերևակման տարածքում: Ընկերության մյուս համախոհը դեկտեմբերի 1-ին «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կարինե Սիմոնյանի հարցին պատասխանելու փոխարեն լրագրողի միկրոֆոնին հարվածողն էր: Ակնհայտ է, որ այժմ «Միռամ» ընկերությունը փորձում է ազդել Մղարթ գյուղի վրա, վախի մթնոլորտ ստեղծելով, որպեսզի բնակիչները չխոչընդոտեն ընկերության այն փոքրաթիվ համախոհներին, ովքեր փորձում են օրակարգ բերել Շեկաղբյուրի վտանգավոր ծրագիրը: Մենք` Մղարթ, Արդվի, Օձուն, Այգեհատ, Արևածագ բնակավայրերի բնակիչներս, հայտարարում ենք, որ մեկ համայնք ենք: Մենք չենք ցանկանում դառնալ հանքարդյունաբերական կցորդ, ինչն  արդեն տեսել ենք Մղարթ գյուղում, երբ հանքարդյունաբերությունն աղտոտել է գյուղի մաքուր ռեսուրսները` ջուրը, հողը, օդը` չկրելով որևէ պատասխանատվություն: Մենք ունենք մեկ ընդհանուր նպատակ` զարգացնել մեր Օձուն մեծ համայնքը կայուն, երկարաժամկետ, շրջակա միջավայրի համար անվտանգ տնտեսություններով և թույլ չենք տա խոչընդոտել մեր զարգացման ծրագրերին: «Արդվի-Լոռի» նախաձեռնող խումբ 04.12.2017թ.