Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցանկացած համայնքապետ ունի Ջիփ ու ձմեռային թազա պագրիշկա, բայց չունի գրադարան» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
armen-martirosyan

Եթե երեխան չգիտի, թե ով է Պիկասոն, չի լսել Բեթհովեն կամ Տիգրան Մանսուրյան եւ չի կարդացել որեւէ դասականի ստեղծագործություն, ապագայում մարդիկ նրանից զգուշանալու խնդիր պիտի ունենան. «Էն երեխան, որ կխաղա քո սարքած խաղալիքով, եթե դու լսել ես Բեթհովեն՝ չի սպանի»,- ասում է «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։ Հրատարակիչը առաջարկում է համայնքներում գրքի եւ մշակույթի դերը բարձրացնելու նոր մեթոդներ՝ համայնքապետերին պետք է գնահատել մշակույթի եւ գրադարանների հանդեպ նրանց վերաբերմունքով, այս մասին նա անձամբ ասել է տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանին. «Մենք գիտենք, որ ցանկացած համայնքի համայնքապետ ունի Ջիփ եւ էդ Ջիփն ունի թազա ձմեռային պագրիշկա, բայց չունի գրադարան, շատ-շատ համայնքներ չունեն գրադարան: Անգամ խոշորացումից հետո շատ գրադարաններ վերացվել են»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի գյուղական գրադարանները գրքերով հագեցնելը ինքնին ոչինչ չի նշանակում, գյուղացին պետք է հասկանա, որ այդ գրքերը գործիք են գյուղում իր կեցությունը եւ աշխատանքն իմաստավորելու համար. «Մենք պիտի հասնենք նրան, որ մարդու համար գործիքակազմ լինի գրադարանը, մենք պիտի հասնենք նրան, որ գյուղական գրադարանում լինի եւ կով կթելու կաթնատվությունը բարձրացնելու տարբեր տիպի հիվանդություններ բուժելու թե բույսերի, թե կենդանիների մասին տարբեր ֆիլմեր եւ ռեպորտաժներ, որպեսզի գյուղացին կյանքը հեշտացնի»,- կարծում է հրատարակիչը։ Հայաստանցի գյուղացուն պետք է վերադարձնել հավատը, որ գիրքը ընկեր եւ խորհրդատու է նրա ամենածանր պահին: Գրադարանը եւ գիրքը պետք է գյուղում լինեն, նույնիսկ եթե գյուղացին մի քանի ամիս նրա կողմը չի նայում. «Բոլորիս տներում կան տարբեր տիպի գործիքներ, որ մենք գնել ենք ժամանակին, կամ մեր ծնողները գնել են, բայց երբեք չենք օգտագործում, բայց երբեք չենք հանում շպրտում, ասում ենք՝ տուն ա, էլի, թող մնա; Հիմա գոնե էդ պատճառով, որ գրադարան ա, թող լինի ու մենք իմանանք, որ էդ կա ու պետք եղած դեպքում կգնանք, կօգտվենք»,- ասում է Արմեն Մարտիրոսյանը: Ըստ պարոն Մարտիրոսյանի,  իշխանությունը պետք է ինքը սովորի իր արդյունավետությունը գնահատել գրքի հանդեպ վերաբերմունքով: Գիրքը պետք է փոխի ոչ միայն գյուղացուն, այլեւ իշխանությանը: