Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուսուցիչը բռնություն է գործադրել աշակերտի նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

Պաշտոնական
qnnchakan-komite-1

Հարուցվել է քրեական գործ` ուսուցչուհու կողմից աշակերտի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1-ին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ: «Armtimes.com» տեղեկատվական հարթակում տեղեկատվություն էր հրապարակվել առ այն, որ Լոռու մարզում «2-րդ դասարանցուն հարվածել է դասվարը, գոռացել, երեխան վախից միզել է. ահազանգում է ծնողը»։ Լոռու մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվել՝ պարզելու հոդվածում մատնանշված հանգամանքները, որի արդյունքում պարզվել է, որ բռնության ենթադրյալ դեպքը տեղի է ունեցել 2016-2017 ուսումնական տարում: Նախնական տվյալներով՝ գրավոր հանձնարարությունը ոչ բավարար չափով կատարելու պատճառով 2017 թվականի փետրվարին Վանաձորի թիվ 22 հիմնական դպրոցի դասվարը բռնություն է գործադրել 1-ին դասարանի աշակերտի նկատմամբ, այն է՝ քաշել է երեխայի ականջը, ապա՝ ապտակել: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե