Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովիկ Խալիկյան. «Լևոնը զանգահարեց ինձ և հարցրեց՝ Սերժ Սարգսյանի խոսքին կարելի՞ է հավատալ»

Քաղաքականություն
Hovik-Xalikyan

Մեր զրուցակիցն է շախմատի ՖԻԴԵ-ի վարպետ, վաստակավոր մարզիչ Հովիկ  Խալիկյանը: -Պրն Խալիկյան, Ձեր կարծիքով Եվրոպայի շախմատի թիմային առաջնությունում Հայաստանի լեգենդար հավաքականը ինչու՞ սայթաքեց: Գուցե Ադրբեջանի թիմից կրած պարտությո՞ւնը նրանց ընկճեց: -Մեր թիմը չի սայթաքել, դա վերջին տարիների Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործունեության տրամաբանական արտահայտությունն էր: Թիմը, որը 90-ական թվականներին ձևավորվել էր բացառապես կրթության  նախարարության օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի և սպորտի նախարարության մարզադպրոցի ջանքերով, արդեն շուրջ 25 տարի է համալրում չի ստանում: Թիմը գրեթե նույն կազմով իր առաջին խոշոր հաղթանակը տոնել է Լենինգրադում կայացած ԽՍՀՄ պատանիների վերջին առաջնությունում՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն: -Բայց մենք հետագայում ականատես ենք եղել թիմի աննախադեպ հաջողությունների՝ օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն: -Դուք ճիշտ եք: Թիմը իր պիկին հասավ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով նաև: -Բայց չէ՞ որ շախմատի ֆեդերացիայի նախագահը դարձյալ Սերժ Սարգսյանն է: -Այո, բայց Սերժ Սարգսյանի երկրի նախագահ ընտրվելուց հետո նույնիսկ անձամբ ես, լինելով ֆեդերացիայի փոխնախագահ, հնարավորություն չեմ ունեցել ֆեդերացիայի շրջանակներում նախագահի հետ որևէ բան քննարկել: Նախագահի զբաղվածության պատճառով ղեկը,հակառակ շախմատիստների կամքի, հանձնվեց Սմբատ Լպուտյանին, որի գործունեության արդյունքին ականատես ենք: Ի դեպ, այդ նշանակմանը առաջինը արձագանքեց շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Բարսեղ Բեգլարյանը, որը երկար տարիներ շախմատի տանը աշխատել էր կազմակերպչական բաժնի պետ և հրաժարական տվեց: Ասեմ՝ բազմաթիվ առաջատար շախմատիստներ նույնպես զրկված էին նախագահի հետ հանդիպելու հնարավորությունից: Մի անգամ Էլինա Դանիելյանը ասաց. Պարոն Խալիկյան, ես երկրի համար 1 շախմատիստուհին եմ և չգիտեմ իմ խնդիրներով ինչպես հանդիպեմ ֆեդերացիայի նախագահին: Արդյունքում շախմատիստների էլիտան նամակով դիմեց ֆեդերացիայի նախագահին՝ Լպուտյանից ազատվելու համար, սակայն նամակը Լպուտյանից  այն կողմ չգնաց: -Դուք Սերժ Սարգսյանի շախմատային գործունեությունը բարձր գնահատեցիք, այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք: -Սերժ Սարգսյանի առաջին շախմատային քայլը եղավ այն, որ նա վերականգնեց պատմական արդարությունը: Լպուտյանի կողմից Հայաստանից քշված Լևոն Արոնյանին վերադարձրեց թիմ: Հիշում եմ՝ ինձ զանգահարեցին և հրավիրեցին շախմատի ֆեդերացիայի նիստի, այդ ժամանակ ես բանակի կենտրոնական մարզական զորամասի հրամանատարն էի: Ի զարմանս ինձ, հանկարծ լսեցի, որ քննարկվում է Հայաստանի չեմպիոն, թիմում գտնվելու ամենաշատ իրավունք ունեցող Լևոն Արոնյանին թիմից հեռացնելու խնդիրը: Ես ասացի, որ դա առնվազն անհեթեթություն է: Սակայն Լպուտյանը ասաց, որ դա տղաների կարծիքն է (մինչև օրս էլ ես չգիտեմ տղաներն ովքեր են) և քվեարկության արդյունքում մեկ դեմ (դա ես եմ) և մեկ ձեռնպահ Արոնյանը թիմ չմտավ: Լպուտյանը դրանով չսահմանափակվեց և հետագայում փորձեց ճնշում գործադրել Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանի վրա, որպեսզի Լևոնին հեռացնեն նաև ինստիտուտից, բարեբախտաբար ինստիտուտում լուրջ մարդիկ կային և այդ քայլին չգնացին: -Իսկ որն էր Արոնյանի դեմ նման վերաբերմունքի դրդապատճառները: -Պատասխանը մեկն է: Արոնյանի թիմում հայտնվելով՝ Լպուտյանը դուրս էր մնում թիմից և ուրիշ ոչինչ: Ի վերջո Արոնյանը լքեց հայրենիքը: Երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց ֆեդերացիայի նախագահ, առաջին նիստին Գագիկ Հովհաննիսյանի հորդորով ես Արոնյանին Հայաստան վերադարձնելու հարց բարձրացրի, սակայն Լպուտյանն ասաց, որ այդ հարցին հետո անդրադառնանք: Նիստից հետո Սերժ Սարգսյանն ու ես երկար զրույց ունեցանք ու ես այս ամենը պատմեցի նորընտիր նախագահին, որը Արոնյանին լավ չէր ճանաչում, այդ ժամանակ մեր թիմի լիդերը Վլադիմիր Հակոբյանն էր: Զրույցի վերջում Սերժ Սարգսյանը հարցրեց՝ Արոնյանը Վլադիմիր Հակոբյանից է՞լ է ուժեղ, ես ասացի, որ կես տարի հետո այո։ «Դե դու քեզ տվիր-անցար»,- ասաց նախագահը և այնուհանդերձ հանձնարարեց բանակցել: Բանակցությանը միացավ նաև Ռաֆայել Վահանյանը: Սերժ Սարգսյանի և Արոնյանի հեռախոսազրույցից հետո Լևոնը զանգահարեց ինձ և հարցրեց «Պարոն Խալիկյան, Սերժ Սարգսյանի խոսքին կարելի՞ է հավատալ»։ Ես ասացի` ավելի քան, և Լևոնը վերադարձավ հայրենիք: Առաջինը նա հրապարակավ «Շախմատային Հայաստան» հանդեսով շնորհակալություն հայտնեց տողերիս հեղինակին, իսկ այս պատմությունը ենթատեքստերով տեղ գտավ «Լևոն Արոնյան» գրքում, որի հեղինակը Լևոնի մայրն էր: Հետաքրքիր է, որ վերջերս Թբիլիսիում կայացած աշխարհի գավաթի մրցաշարից առաջ, ուր Արոնյանը պարզապես փայլեց, Լպուտյանը մոտենում է Արոնյանին և ասում (Արոնյանի մոր խոսքերով) Լևոն, դու այլևս չես կարող շախմատ խաղալ և ճիշտ կլինի զբաղվես մարզչական աշխատանքով: [caption id="attachment_1582940" align="alignnone" width="502"]namak Սմբատ Լպուտյանի նամակը՝ Լևոն Արոնյանին, որով նա խնդրում է Լևոնին՝ վերադառնալ հայրենիք։[/caption] -Պրն Խալիկյան, Դուք երիտասարդ տարիքում թողեցիք ակտիվ շախմատը, Ձեզ հետ լուրջ հույսեր էին կապում: -Ցավոք՝ այո: 70-ականներին ես շատ հայտնի էի և խոստումնալից: Ես երկար տարիներ առաջնորդել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականը, ի դեպ Լպուտյանը իմ թիմի պատանեկան խաղատախտակում էր խաղում: Հետագայում երկար տարիներ եղել եմ Ռաֆայել Վահանյանի գլխավորած ազգային հավաքականում, սակայն մի ոչ շախմատային միջադեպ ինձ հիասթափեցրեց: Կիրովաբադում շախմատի Անդրկովկասի առաջնություն էր ընթանում, և ես մեծ վերելքով էի խաղում, միանձնյա առաջատար էի: Վերջին տուրում ես խաղում էի Վլադիմիր  Շաբոյանի հետ և հաղթանակը ինձ անհասանելի էր դարձնում: Շաբոյանը զբաղեցնում էր մրցաշարի վերջին հորիզոնականը: Խաղի նախորդ երեկոյան Շաբոյանը մոտեցավ ինձ և ասաց. Հով, շնորհավորում եմ,  Անդրկովկասի չեմպիոն ես, ասացի դեռ վաղ է, մենք դեռ իրար հետ վաղը պիտի խաղանք, նա ասաց հո ես …. չեմ քո դեմ խաղամ, և մենք հռհռալով բաժանվեցինք: Ես, միամիտ գյումրեցիս, ընկերներիս հետ գիշերը նստած նշում  էինք իմ հաղթանակը, հանկարծ գիշերը 3-ի-4-ի կողմն Շաբոյանը մտավ իմ սենյակ և ասաց, որ բան կա ասելու: Ես դուրս եկա, և նա ասաց, որ զանգահարել է Լպուտյանը և, որ ինքը վերջին տուրը պետք է խաղա Ֆիքրեթ Սիդիեֆզադեի համար: Արդյունքում ես պարտվեցի և Աիդիեֆզադեն դարձավ Անդրկովկասի չեմպիոն: Սակայն ես փոշման չեմ: Հետագայում ինձ վստահեցին շախմատի օլիմպիական մարզադպրոցը, և արդյունքում Լևոն Արոնյան, Էլինա Դանիելյան,  Տիգրան Պետրոսյան, Սերգեյ Մովսիսյան, Վարուժան Հակոբյան, Սերգեյ Գալդունց, Կարեն Գրիգորյան, Մելիքսեթ Խաչիյան, Լևոն Ալթունյան, Վիգեն Միրումյան, Հովհաննես Դանիելյան, Անդրանիկ Մատիկոզյան, Սուրեն Պետրոսյան: Եվ ինչ-որ տեղ Վլադիմիր Հակոբյան (երբ մենք հանդիպեցինք նա արդեն կայացած շախմատիստ էր) և շատ ուրիշներ: Ի դեպ, իմ աշխատանքներում ինձ իր խորհուրդներով շատ օգնել է Վլադիմիր Հակոբյանի հայրը՝ Էդիկ Հակոբյանը: -Իսկ ինչ է սպասվում հայկական շախմատին: -Երբեմնի Հայաստանում սիրված և հպարտություն վայելող խաղը դպրոցներ մուտք գործելուց հետո կորցրել է իր խորհուրդը, դպրոցական շախմատիստների հաջողությունները աշխարհի առաջնություններում նվազել են, պրոֆեսիոնալ մարզիչներ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Գյոզալյանը, Սերգեյ Գալդունցը, Մելիքսեթ Խաչիյանը, Վրեժ Օրդյանը, Տիգրան Նալբանդյանը և շատ ուրիշներ հեռացել են ֆեդերացիայից, երիտաասարդ, տաղանդավոր շախմատիստները մնացել են առանց մարզիչ, շախմատը դուրս է քննադատաությունից, սպորտի նախարարությունը վախենում է շախմատին մոտենալ, կառավարության տրամադրած գումարները անվերահսկելի են ու անարդյունք, դպրոցներում շախմատային տրամաբանություն են զարգացնում շախմատային մտածելակերպ չունեցող մարդիկ, կրթության նախարարությունը կարծիք չունի հարցի վերաբերյալ: Բայց կա մի դրական բան՝ ազգաբնակչության մեկ շնչին ընկնող շախմատ խաղացողների թվով Հայաստանը առաջինն է աշխարհում: Գաղտնիք չէ, որ շախմատային բումը Հայաստանում սկսվել է 1963 թ. Տիգրան Պետրոսյանի աշխարհի առաջնությունում կրած փառահեղ հաղթանակով: Պարոն նախագահ, վերադարձեք շախմատ, և մենք կունենանք Լևոն Արոնյան շախմատի աշխարհի նոր չեմպիոն: Հարցազրույցը՝ Մհեր Արշակյանի