Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ն կարող է խթանել Իրանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
7

Հայաստանը  կարող է դարպաս հանդիսանալ դեպի ԵԱՏՄ երկրներ, ինչպես նաեւ Եվրամիություն մուտք գործելու համար։ Վստահեցնում էՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝  Հայ-իրանական բիզնես ֆորումի մասնակիցներին, այդ թվում Իրանի արտգործնախարարին։  Չնայած նախարարի այցը վաղուց էր պայմանավորված, բայց այս օրերին նրա ժամանումը առավել քան  կարեւոր էր։  Իրանագետ Արտյոմ Տոնոյանը նշում է, որ  Եվրամիության հետ կնքած համապարփակ և ընդլայնված համաձայնագրից հետո Հայաստանը ավելին կարող է առաջարկել։ «ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստանն այս առումով ձեռք է բերում չափազանց կարևոր տնտեսական նշանակություն ԻԻՀ համար, քանի որ ըստ էության Հայաստանը տարածաշրջանում միակն է, որ կարող է խթանել Իրանի համագործակցությունը ԵԱՏՄ-ի հետ. միևնույն ժամանակ՝ Եվրամիության հետ: Զուտ ֆորմալ առումով Հայաստանը չափազանց հարմար տարբերակ է որպես կամուրջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության համար հարաբերություններ կառուցել ԵՄ-ի հետ»,-նշում է իրանագետը։ Միևնույն ժամանակ  Իրանը պատրաստվում է հատուկ համաձայնագիր կնքել  Եվրասիական տնտեսական միության հետ։ Այն բանակցությունների փուլում է։ Հայաստանն այս մասով ևս իր կարևոր դերակատարումը կարող է ունենալ։ «Անկախ նրանից, թե Իրանը կդառնա ԵԱՏՄ անդամ, թե ոչ , կամ կա նման դիսկուրս ,թե ոչ, ենթադրվում է, որ իրանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ ամենահարմար տարբերակը Հայաստանն է, քանի որ միակն է, որ ունի ցամաքային սահման Իրանի հետ։ Հայաստանն ունի լուրջ հնարավորություններ, որոնք պետք է անպայման իրացնել»,- նշում է Արտյոմ Տոնոյանը։ Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հատկապես կարևորել է Իրան -Հայաստան համագործակցությունը Էներգետիկ և տարանցիկ ոլորտներում։ «Այսօր ինձ ուղեկցել են տնտեսական ոլորտից ներկայացուցիչներ և գործարարներ, որոնք գտնվում են Հայաստանում։  Տարանցման ոլորտը մեր կարևոր համագործակցության հարցերից է Հայաստանի հետ, ինչպես նաև կարևորում ենք գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը»։ Իսկ արդեն Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը,  Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ իր երկրի համար հարևան պետությունների հետ հարաբերությունների զարգացումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է, և Հայաստանը Իրանի համար մշտապես եղել է շատ լավ հարևան: