Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՊՀ-ն հերքում է՝ ուսանողը չի մասնակցել ապրիլի 2-6-ի մարտական գործողություններին. պատասխան՝ ՀՔԱՎԳ-ին

Հասարակություն
timthumb.php_1

Երևանի պետական համալսարանը պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի՝ այսօր տարածած տեղեկատվությունը՝ «ԵՊՀ-ում ձգձգել, ապա հրաժարվել են զեղչել ապրիլյան քառօրյայի մասնակցի ուսման վարձը» վերնագրով հաղորդագրությանը:  «Ցանկանում ենք տեղեկացնել, որ Երեւանի պետական համալսարանում չի եղել որեւէ ուսանող, ով ներկայացրել է համապատասխան նշագրմամբ զինգրքույկը եւ չի օգտվել զեղչի իրավունքից: Նյութում ներկայացված Կ.Ղ.-ն, ով ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Կառլեն Ղազարյանն է, մեկ տարի ուսանելուց հետո 2015-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, որտեղ էլ ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն: Զորացրվելուց հետո՝ 2017 թ.-ի օգոստոսի 28-ին, Կառլեն Ղազարյանը դիմում է ներկայացրել՝ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետում վերականգնելու նպատակով, ինչին ի պատասխան՝ վերջինիս տեղեկացրել են, որ համալսարանում գործող կարգի համաձայն՝ ուսանողը վերականգնվում է կիսամյակային վարձը վճարելուց հետո: Մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 25-ին, Կառլեն Ղազարյանը կրկին դիմել է ԵՊՀ՝ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների տրամադրվող զեղչից օգտվելու համար: Հոկտեմբերի 16-ին ռեկտորատի նիստի ընթացքում որոշվել է 30%-ի չափով զեղչել Կառլեն Ղազարյանի ուսման վարձը: Անհասկանալի է, թե ինչու են այդ ընթացքում Կառլեն Ղազարյանը եւ նրա մայրը դիմել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ եւ նշել, որ ԵՊՀ-ն հրաժարվում է տրամադրել ուսման վարձի զեղչ: Մեկ ամիս անց նրանք Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի միջոցով ապատեղեկատվություն են տարածել՝ շահարկելով 2016 թ.-ի ապրիլի 2-6-ը մարտական գործողությունների փաստը, որին Կառլեն Ղազարյանը չի մասնակցել (ըստ զինգրքույկում առկա նշագրման): Կառլեն Ղազարյանը ծառայության ընթացքում իրականացրել է մարտական հերթապահություն, որի համար էլ օգտվել է նախատեսված զեղչից», - ասված է ԵՊՀ-ի հաղորդագրության մեջ: