Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ շատ բան լավ հասկանում ենք» (տեսանյութ)

Հասարակություն
erexa

Նոյեմբերի 20-ին աշխարհում նշվում է Երեխաների համաշխարհային օրը, որը նաեւ «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման օրն է: Այսօր ՀՀ ԱԺ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ անցկացրեց նիստ՝ խոսափողը մեկ օրով երեխաներին տրամադրելու համաշխարհային նախաձեռնությամբ: Նիստն անցկացվում էր ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ՀՀ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպմամբ: Հատուկ նիստի ընթացքում երեխաները կհնչեցնեն իրենց հուզող խնդիրներն ու դրանց լուծման իրենց տարբերակները:  ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում խոսեց երեխաների իրավունքներից. «Երեխաներն իրավունք ունեն լիարժեք ապրելու ու երջանիկ մանկություն ունենալու, որակյալ բժշկական օգնություն ստանալու, ֆիզիկական ու հոգեկան բռնություններից զերծ մնալու: Մենք բոլորով հարգենք ու պաշտպանենք այդ իրավունքները, որպեսզի նրանք ապրեն, ժպտան երջանիկ, որպեսզի կարողանան աճել ու բարձրանալ կյանքի աստիճաններով»:  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն իր ելույթում նշեց, որ երեխաները ցանկացած առաջընթացի գրավականն ու առաջամարտիկներն են. «Դուք ձերբազատված եք կաշկանդված գաղափարներից, որոնց մենք ականատես ենք եղել ԽՍՀՄ տարիներին: Նոյեմբերի 24-ին ԵՄ հետ կստորագրենք համաձայնագիրը, որը ավելի է մեծացնում մեր հնարավորությունները՝ առնչվելու եվրոպական արժեքների հետ»:  Ելույթով հանդես եկավ Արմավիրի մարզի Վաղարշապատ վարչական շրջանի Մովսես Խորենացու անվան թիվ 1-րդ դպրոցի 16-ամյա աշակերտ Ռուբեն Օհանյանը: Նա խոսեց բռնության մասին. «Ես 40 տարվա մանկավարժ չեմ, սակայն մի պարզ ճշմարտություն գիտեմ, որ մենք՝ երեխաներս, առանց ծեծի էլ շատ բան լավ հասկանում ենք: Ցավոք, իմ այս կարծիքը կիսողները ՀՀ-ում շատ քիչ են: Մի անգամ մի հետազոտություն կարդացի, որ ՀՀ-ում մինչեւ 14 տարեկան երեխաների 70 տոկոսի նկատմամբ կիրառվում է ֆիզիկական կամ հոգեբանական պատիժ՝ որպես դաստիարակչական մեթոդ: Նրանք, որոնք կարծում են, թե երեխային ծեծով դաստիարակելը արդյունավետ միջոց է, ապա խայտառակ սխալվում են: Ես նաեւ մի շարք այլ հետազոտություններ եմ ուսումնասիրել ու պարզել, որ այն երեխաները, որոնք բռնության են ենթարկվում, հետագայում դառնում են ագրեսիվ, ձեռք են բերում հոգեբանական ու ֆիզիկական մի շարք խնդիրներ: Այն վատ է անդրադառնում ծնողի ու երեխայի հետագա հարաբերությունների վրա ու վատ է անդրադառնում նրա զարգացման վրա»: Այնուհետեւ նա բերեց կոնկրետ մի օրինակ՝ պարբերաբար բռնության ենթարկվող մի տղայի մասին. «Ամեն անգամ նրա պատմությունը լսելիս ցավ էի ապրում, քանի որ ինքնամփոփ էր, ինքնապաշտպանական մեխանիզմներ չունի, կարծես սովոր լինի, որ իրեն անընդհատ պետք է ճնշման ենթարկեն։ Ամենահետաքրքիրն այն էր, որ նա անտարբեր էր իր ապագայի նկատմամբ: Հիմա էլ շատ բան չի փոխվել: Իրենք իրենց վերաբերյալ որոշումներ կայացնելու փոխարեն, սպասում են այլոց, որ իրենց փոխարեն որոշումներ կայացնեն»: Դահլիճում հնչեցին ծափեր: Դիմելով դահլիճում ներկա մեծահասակներին՝ 16-ամյա աշակերտը ավելացրեց. «Հարգելի մեծեր, եթե կարծում եք, որ ծեծով դաստիարակելը ճիշտ մեթոդ է, ապա դա նշանակում է՝ եթե դուք էլ ինչ-որ սխալ անեք, ապա թող ձեր ծնողներն էլ ձեզ խփեն, չէ՞ որ ձեր ծնողներն էլ ձեզ են դաստիարակում: Բոլորն ասում են՝ պետք է պայքարել բռնության դեմ, սակայն երբ հերթը հասնում է կոնկրետ քայլերի, ոչինչ չի արվում: Չարացած երեխան իր մաղձը կթափի իր երեխայի վրա: Ես բոլոր երեխաների անունից պահանջում եմ՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառողները պետք է պատժվեն՝ անկախ այն հանգամանքից՝ ծնո՞ղն է, թե ոչ, բողոք եղե՞լ է, թե ոչ»: