Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ներդրվելու է «հալալ» մորթի մշակույթը

Տնտեսություն
vochxar

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն  այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության  առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի  գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով  կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերի: Հանդիպմանը մասնակցում էին  նաև  ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք: Այաթոլլահ Հասան Ալամին  նշել է, որ Իրանում մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում արտադրված  ոչխարի միսը, և իրենք հետաքրքրված են, որպեսզի քննարկվեն ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելացնելու և «հալալ» մորթ կազմակերպելու հնարավոր տարբերակներ: «Մեզ համար ևս հետաքրքիր է իրանական շուկան, ուստի քայլեր ենք ձեռնարկում մեր երկրում  ոչխարաբուծության զարգացման համար, և  համոզված ենք, որ դրա համար առկա են բոլոր նախադրյալները: Սակայն արտահանումն ավելի  երաշխավորված և հեռանկարային կլինի, եթե  հստակեցվի   շուկայի պահանջարկը»,- նշել է Իգնատի Առաքելյանը: Հասան Ալամին իր հերթին նշել է, որ իրենց կողմից տրամադրվող «հալալ» մսի հավաստագիրն անցողիկ է   իսլամական  երկրներում, ինչը հնարավորություն է տալիս նաև  ընդլայնել արտահանման աշխարհագրությունը: Նախարարը կարևորել է Հայաստանում   «Հալալի» գրասենյակ  բացելու աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը՝ հաշվի առնելով նաև ԻԻՀ–ում ստորագրված անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիրը: Տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է անվճար  տարածք տրամադրել` «Հալալի» գրասենյակ  բացելու համար: Նախարար Առաքելյանը  կարևորել է նաև տոհմային գործի իրանական  փորձի ուսումնասիրումը հայ մասնագետների կողմից, որի նպատակով առաջիկայում Հայաստանից աշխատանքային խումբ կմեկնի Իրան: Քննարկվել են նաև «հալալ» մորթի մշակույթի ներդրմանը, հստակ չափանիշների սահմանմանը, այլ սպանդանոցների բացման անհրաժեշտությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:   ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին