Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում բացվել է Մարտիրոս Սարյանի հուշատախտակը (տեսանյութ)

Մշակույթ
saryan

Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Ռուսաստանի մշակույթի փոխնախարար Նիկոլայ Մալակովը և Սարյանի Երևանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանն այսօր Մոսկվայում կատարեցին Մարտիրոս Սարյանի հուշատախտակի հանդիսավոր բացումը։ Կարմանիցկի նրբանցքի 2/5 տանը Սարյանն ապրել ու ստեղծագործել է։ Արմեն Ամիրյանի փոխանցմամբ, դեռևս Վալենտին Սերովին աշակերտելու տարիներին երիտասարդ Սարյանը մոսկովյան ցուցահանդեսների ակտիվ մասնակից էր, և Տրետյակովյան պատկերասրահը դեռևս ուսանող Սարյանից մի շարք նկարներ է գնել. « Եվ երբ մենք Տրետյակովյան պատկերասրահի հետ ճշտումներ էինք անում՝ ցուցահանդեսի համար Սարյանի ինչ նկարներ բերել Հայաստանից, պարզեցինք, որ այնքան էլ շատ գործեր բերել պետք չէ։ Տրետյակովյան պատկերասրահը Սարյանի շատ նկարներ ունի»։ (Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում այսօր բացվող և մինչև հունվարի 14-ը գործելիք ցուցահանդեսում ընդգրկվել են կտավներ Հայաստանի Ազգային պատկերասրահի, Երևանում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի և Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուներից): Սարյանի հուշատախտակի, ինչպես նաև ցուցահանդեսի բացումը «Ռուսաստանում Հայաստանի օրերի» մեծածավալ միջոցառումների շարքից են, որոնց մեկնարկն այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ տրվեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարանում՝ «Սուրբ Պայծառակերպություն» Մայր տաճարի տարածքում Ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդեսի բացումով։ Սարյանի հուշատախտակի առջև հավաքվածներին պատմելով, որ խաչքարերի ցուցահանդեսի բացման արարողությունն ուղեկցվել է Կոմիտասի մեղեդիներով՝ «Հովեր» երգչախմբի կատարմամբ, նախարար Ամիրյանն ավելացրեց. «Խաչքարը ոչ միայն քարե խաչ է, այլև աղոթք քարի լեզվով, իսկ խաչքարը Կոմիտասի հետ՝ հենց Հայաստանն է»։ «Ռուսաստանում Հայաստանի օրերը» նվիրվում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին, ինչն, Արմեն Ամիրյանի գնահատականով, հարաբերությունների միայն նորագույն պատմությունն է բնորոշում, իսկ երկու ժողովուրդների փոխհարաբերությունների անցյալը շատ ավելին է խորանում դարերի մեջ։   ՀՀ մշակույթի նախարարություն