Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԳՆ-ն առաջարկում է նախադպրոցական հաստատությունների քիչ ծախսատար մոդելներ

Հասարակություն
kgn-2

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2005 թվականին: Գործունեության 12 տարիների ընթացքը և կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ օրենքն անհրաժեշտ բարեփոխումների կարիք ունի: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինագծի բարեփոխված տարբերակը: ՀՀ ԿԳ նախարարության և «Պարադիգմա» հասարակական կազմակերպության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված հերթական քննարկումը նվիրված էր նախադպրոցական կրթության խնդիրներին:  Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԿԳՆ, Երևանի քաղաքապետարանի, Տարածքային կառավարման նախարարության, «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչներ:  Հիմնական զեկուցմամբ հանդես է եկել ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը: Նա տեղեկացրել է, որ ԿԳՆ-ի կողմից հանրային քննարկման ներկայացված նախագծում առաջարկվում է նախադպրոցական կրթական հաստատությունների մի քանի մոդել, որոնք կարող են գործել՝ համապատասխան իրավական հիմնավորումների առկայության պարագայում: Շեշտը հիմնականում դրվել է առավել ծախսարդյունավետ մոդելների վրա, որոնց գործունեության  համար համապատասխան իրավական կարգավորումներ են առաջարկվել: Հայաստանի համար լուրջ խնդիր է դիտվում նախադպրոցական կրթության համակարգում երեխաների ընդգրկվածության խնդիրը: Այդ նպատակով համայնքների և Համաշխարհային բանկի վարկային միջոցների հաշվին  վերջին տարիներին ստեղծվել են շուրջ 300 նախակրթարաններ, որտեղ ընդգրկվում են նախադպրոցական ավագ տարիքի երեխաներ, սակայն խնդիրը դեռևս առկա է. «Համաչափություն չկա ոչ ֆինանսական, ոչ էլ մարդկային ռեսուրսների բաշխման տեսանկյունից: Օրենքով կարգավորված չեն  նախադպրոցական կրթությանն առնչվող մի շարք կարևոր խնդիրներ, այդ թվում մանկավարժական կադրերի վերապատրաստման,  ատեստավորման և մասնագիտական կատարելագործման հարցերը: Ունենք անհավասար իրավական դաշտ ֆինանսավորման մեխանիզմների բաշխման մեջ՝ չնայած այն հանգամանքին, որ կա կառավարության որոշում, որով կարգավորվում է ավագ տարիքային խմբերի ֆինանսավորումը:  Ընդհանուր առմամբ նախադպրոցական կրթական հաստատությունները գործում են համայնքների ենթակայությամբ և ֆինանսավորման հստակ ու միասնական մեխանիզմներ չկան, որից էլ ածանցվում են տարբեր խնդիրներ»,- իր խոսքոմ նշել է Ս. Մակյանը: Հենց այս նկատառումով էլ ԿԳՆ-ն առաջարկում է նախադպրոցական հաստատությունների քիչ ծախսատար մոդելներ, որոնք ենթադրում են ավելի կարճատև նախադպրոցական կրթական ծրագրի մատուցում: Խնդիր է նյութատեխնիկական բազայի ապահովվածությունը, մասնավորապես բազմաթիվ հաստատություններ անգամ մեկ համակարգիչ չունեն: Քննարկման ընթացքում տարածքային կառավարման նախարարության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները  ներկայացրել են խնդիրների լուծման հնարավոր մոտեցումները: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի պատասխանատու Ալվարդ Պետրոսյանը և «Հույսի կամուրջ»  ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը բարձրացրել են  նախադպրոցական հաստատությունների ներառականության խնդիրը և արձանագրել, որ այս նոր նախագիծը  միտված է նաև տվյալ խնդիրների կարգավորմանը: