Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակալավրիատ ու մագիստրատուրա ավարտածների 16 տոկոսն է զորակոչվում. որտեղ փնտրել կոռուպցիա (տեսանյութ)

Քաղաքականություն
ararat-mirzoyan

ԱԺ-ում այսօր «Պաշտպանության մասին» օրենքի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն իր ելույթում հայտարարեց, որ նախորդ նախագծի՝ «Զինվորական ծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» քննարկմանն ինքը չի հասցրել գրանցվել մտքերի փոխանակման համար, քանի որ շտապել է ԵՊՀ, որտեղ 5 ուսանող հացադուլ է հայտարարել՝ բողոքելով տարկետման իրավունքի վերացման դեմ. «Խոսել եմ նրանց հետ ու հորդորել՝ դադարեցնել հացադուլը, քանի որ դա պայքարի շատ ծայրահեղ ձեւ է: Նրանք վստահեցրին ինձ, որ հաստատակամ են ու շարունակելու են իրենց պայքարը: Ուզում եմ ասել, որ այդ 5 ուսանողներից 4-ը ծառայել են բանակում, բավականին հասուն մարդիկ են ու հասկանում են, թե ինչ են անում: Այս հացադուլը կոնկրետ իրավիճակ է ստեղծել, որը հանգուցալուծում է պահանջում, եւ առաջարկում եմ ԱԺ-ին՝ այս օրենքի քննարկման համար մի փոքր թայմ աութ վերցնել, օրենքի քննարկումը հետաձգել որեւէ կերպ, որպեսզի հասկանանք, թե այս հարցն ինչպես ենք լուծում, քանի որ չոր ձեւով առաջ տանել ու մանդատների գերակշիռ քանակով առաջ տանել օրինագիծը, ճիշտ չէ. բողոքի ակցիա անցկացնողները մեր երեխաներն են, մեր ընկերներն են»: Նա անդրադարձավ իշխանությունների այն պնդումներին, թե այս նախագիծը լուծում է սոցիալական արդարության եւ հավասարության խնդիրը. «Սոցիալական անարդարությունը դրսեւորվում է զանազան պաշտոնյաների զավակների՝ բանակ չգնալով, եւ հասարակությունը, հենվելով նախադեպերի վրա, վստահ է, որ այս պրակտիկան շարունակվելու է, ու նրանք այսուհետ եւս շարունակելու են խուսափել ծառայությունից՝ դրա համար նախեւառաջ օգտագործելով առողջապահական սողանցքները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 100 զինակոչիկից 90-ն ազատվում են առողջապահական հիմքերով եւ միայն 1-ը՝ գիտական աստիճան ձեռք բերելու պատճառով: Տարեկան միայն 140 մարդ է տարկետում ստանում՝ ասպիրանտուրա ընդունվելու համար: Սա այն ժամանակ, երբ բակալավրիատն ու մագիստրատուրան ավարտում են հազարավոր երիտասարդներ, որոնք ենթակա են ծառայության: Ես վստահեցնում եմ, որ այդ հազարավորների միայն 16 տոկոսին է հաջողվում զորակոչել, սակայն այս հարցի հասցեատերը՝ Դատախազությունը, հակակոռուպցիոն ու այլ լիազոր մարմիններն են»: Նա նաեւ ընդգծեց, որ փաստարկները բազմաթիվ են ու Կանոնակարգով նախատեսված ժամկետում չի հասցնի դրանք բոլորը ներկայացնել, այդ պատճառով կարող է գրավոր փոխանցել: