«Ազգ-բանակ» կոնցեպցիայի մասին առաջին անգամ լսել եմ Ժիրայր Սեֆիլյանի գրասենյակում. Ն. Փաշինյան (տեսանյութ)
ԱԺ նիստում «Զինծառայության եւ զինվորի կարգավիճակի մասին» աղմկահարույց նախագծի քննարկմանը ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր ելույթում նկատեց՝ ինչո՞ւ օրենքի նախագծից հանվեց միայն տարկետման իրավունքը. «Շատ զգայուն հարց է: Միգուցե շատ մարդկանց շահերն են գալիս- զուգորդվում այստեղ»: ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, որ անհասկանալի է Պաշտպանության նախարարի բացակայությունը. «Նրա ցինիկ եզրափակիչ ելույթից հետո դեռ առիթ չի եղել անդրադառնալ. նրա արտահայտած որոշ մտքեր խաշած հավի ծիծաղը կհարուցեին: Վիգեն Սարգսյանն իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում՝ որպես ռեֆերենտ: Նա այսօր էլ ռեֆերենտ է, ուղղակի աշխատում է Պաշտպանության նախարար: Չփորձվեք այստեղից հայտարարել, թե դուք քաղաքական գործիչ եք: Դուք քաղաքական գործիչ դառնալու համար դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեք, ձեր նուրբ քիմքը չի դիմանա դրան, կտեղափոխվեք վերակենդանացման բաժանմունք, քանի որ ձեր քիմքը միայն կարմիր ու սեւ իկրայից այն կողմ բան չի տեսել»: Նա անդրադարձավ նաեւ Վիգեն Սարգսյանի հայտարարած «Ազգ-բանակ» կոնցեպցիային՝ ասելով. «Այստեղ հեղինակային իրավունքի խնդիր կա ու դրոշակ սարքած ման է գալիս: Ես առաջին անգամ այդ մասին լսել եմ «Նախախորհրդարանի»՝ Ժիրայր Սեֆիլյանի գրասենյակում: Լավ, ամոթ է: Ուզում եմ անդրադառնալ նաեւ Հայկ Բաբուխանյանի՝ բազմիցս հնչեցրած այն մտքերին, թե նմանատիպ ակցիաներն ուղղորդվում են «Սորոս»-ի դրամաշնորհներով: Դուք, ձեր Կառավարությունը, գնացեք, փակեք այդ հիմնադրամները: Եթե չեք կարող, ապա դա նշանակում է՝ դուք ամենածախված ու օտարերկրյա շպիոն-ներկայացուցիչն եք»: https://youtu.be/6hlbm4c7ZB4