Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վառելափայտը տեղափոխում են առանց պետհամարանիշի մեքենաներով (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
payt-1

Ապօրինի անտառահատումները վերացնելու համար մեկ ամիս  սահմանված է  խիստ հսկողություն, սակայն «Դիլիջան ազգային պարկ»-ի մոտ, հատկապես ոչ աշխատանքային օրերին կարելի է տեսնել առանց պետհամարանիշի կամ շատ արագ սլացող, մգեցված ապակիներով բեռնատար մեքենաներ, որոնք փայտ են տեղափոխում: «Կլինեն դեպքեր, չենք բացառում: «Դիլիջան ազգային պարկ»-ի հարակից ճանապարհը միջպետական ճանապարհ է, մեզ իրավունք վերապահված չէ մեքենա կանգնեցնելու: Ոստիկանությունը դրանց ժամանակին հայտնաբերում է,- ասաց «Դիլիջան ազգային պարկի» պահպանության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պետրոսյանը:     «Դիլիջան ազգային պարկ»-ի հարակից համայնքներում հանդիպեցինք նաեւ մարդկանց , որոնք, թեեւ անտառահատման արգելքին, շարունակում են գնալ անտառ՝ վառելափայտի: Մեկ ամիս առաջ Հաղարծին համայնքի բնակիչները փակել էին ճանապարհը՝ ի նշան բողոքի, որ արգելվել է ծառահատումները: Ավելի ուշ, մի խումբ անձինք հարձակվել էին «Դիլիջան ազգային պարկ»-ի Շամախյան տեղամասի պահնորդական ծառայության աշխատակիցների վրա, հրկիզել հսկիչ անցագրային հենակետ հանդիսացող վագոն-տնակը: 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ:  «Ասում են՝ բնության մասին չեք մտածում. էս բնության մասին մենք ենք մտածում, սա մեր պապերի հողերն է, էսքան բարդ կյանքի հետ, վարկերի տակ մնացել ենք ու չենք գնացել: Բոլորն էլ հնարավորություն ունեն գնալու, եթե մնացել ենք էստեղ, ուրեմն հարգում ենք մեր հողն ու ջուրը: Սակայն մարդկանց 80 տոկոսը մտածում է տուն տաքացնելու մասին: Չեն աջակցում. 30-40 տոկոս գազ չեն էժանացնում»,- նշեց Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասի բնակիչ Ալեքսանդր Ղազարյանը: Միակ տարբերակը, երբ բնակիչները կարող են մտնել անտառ եւ օրինական ճանապարհով փայտ դուրս բերել, «Դիլիջան ազգային պարկ»-ից վճարում կատարելով թույլտվության թուղթ վերցնելն է: «Կուբամետրի համար հիմա ահագին գումար են պահանջում թափուկի համար. անտառը մաքրելու համար, մի մեքենա փայտի համար ամենաքիչը 25-30 հազար դրամ փող են ուզում: Եթե ես գնալու եմ, անտառը մաքրեմ, 30 հազար դրամ գումար տամ, էլ չգիտեմ էլի...»,- ասաց  Ալեքսանդր Ղազարյանը: «Մենք հաշվարկն արել ենք, յուրաքանչյուր ընտանիքի համար 8 խմ վառելափայտ, որը մենք բնակչությանը տրամադրում ենք շատ մատչելի գներով՝ մինչեւ 5400 դրամ: Դա կախված է ծառի, փայտի տեսակից՝ համայնքի տեղեկանքի հիման վրա: Ամենաթանկը կաղնին է»,- տեղեկացրեց «Դիլիջան ազգային պարկի» պահպանության գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Պետրոսյանը:   «Դիլիջան ազգային պարկ»-ի բակը լի էր կոճղերով: Դրանց մի մասը ապօրինի անտառահատման արդյունքում են այդտեղ հայտնվել եւ ընթանում է նախաքննություն, մյուս հատվածն էլ էլեկտրասյուների հատվածում հատված ծառերն են: