Բրայան Թրեյսին առաջխաղացման բանաձեւը ներկայացրեց Երեւանում
Ոչ ոք Ձեզանից լավը չէ։ Ոչ ոք Ձեզանից խելացի չէ։ Պարզապես նրանք ավելի շուտ են սկսել,- այս խոսքերի հեղինակը՝ աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին, Հայաստանում է։ Նա ժամանել է skill.am հարթակի հատուկ հրավերով World’s Top Speakers in Armenia (Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում) նախագծի շրջանակում որպես առաջին խոսնակ: Սեմինարի մասնակիցները հնարավորություն ունեն լսելու Բրայան Թրեյսիի լավագույն ծրագրերից մեկը՝ «Առաջխաղացման ռազմավարությունը»։ Դրա ընթացքում նա ներկայացնում է ինչպես ճիշտ սահմանել նպատակները, հաղթահարել ներքին խոչընդոտները, բացահայտել ներքին կարողությունները, ունենալ առաջխաղացում բիզնեսում և կյանքում, ինչ հմտություններ են անհրաժեշտ զարգացնել և ինչպես: Բրայան Թրեյսին ընդգրկված է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի լավագույն 10 ամենապահանջված բիզնես թրեյներների ցանկում: Նա խորհրդատվություն է տրամադրել 1000 ընկերությունների ԱՄՆ-ում, Կանադայում ու աշխարհի ավելի քան 70 երկրներում։ Ի դեպ. նա իր «հաջողության համակարգը» մշակել է, երբ փորձել է գտնել հարցի պատասխանը,թե ինչու հավասար հնարավորությունների տեր մարդկանցից ոմանք հաջողակ են դառնում, մյուսները՝ ոչ։