Սեյրան Օհանյանի կինը հիշում է բանակից խուսափած պաշտոնյային

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը ֆեյսբուքում ուշագրավ հայտարարություն է արել՝ «ԱՇՆԱՆԱՅԻՆ ՏՐԱԿՏԱՏ» վերնագրով։ Տավուշի աշունը նկարագրելուց հետո նա անդրադառնում է ԱԺ քննարկումներին՝ կապված «Զինծառայության մասին» նոր օրենքի նախագծի հետ, անդրադառնում պաշտոնյաներից մեկին։

«Աշունը գույն է, իսկ գույնը նաև երաժշտություն է:

Տաուշ աշխարհում եմ։

Այստեղ աշունը անտառի բույր է՝ ոտքերիդ տակ խշխշացող թաց խաշամի, ծառերին, բույսերին նստած վաղորդյան ցողի ու սարերից իջնող մեղմ հովի, որ շղարշի նման հպվում է դեմքիդ, մարմնիդ, թափանցում ու պարուրում հոգիդ մեղմությամբ ու սիրով…

Այստեղ աշունը սեր է․․․

…Տարված բնության գեղեցկությամբ՝ քայլում եմ անտառի արահետով ու շնչում անտառի խոնավ ու մեղմ օդը: Սկսում է բարակ անձրևել, ծառերի արանքից փորձում եմ գտնել երկինքը։ Անձրևի կաթիլները, դիպչելով գունազարդ ծառերի տերևներին, դառնում են մանր շաղ ու պատում սարի օդից պաղած դեմքս։ Չեմ սրբում, փակում եմ աչքերս, շնչում բնության պարֆյումը, որ խենթացնում է ու սրտիս տակ նվագներ ծնում, ինձ տանում հեռուներ…

-…Սարերի հովի՜ն մեռնեմ…

Բարձրացնում եմ աչքերս, նայում վեր․․․ Ծառերի տերևները, որ հմտորեն հպվել են միմյանց՝ դառնալով կախարդական գույներով շղարշ, ծածկել են անտառի երկինքը, բայց ստեպ-ստեպ բաց են թողնում աշնանային արևի շողերը, որ, բեկվելով անձրևի կաթիլների մեջ, դառնում են բազմագույն ծիածան…

Աշունը սեր է, մեղմ երաժշտություն…

Վերադառնում եմ Երևան, իսկ այստեղ եռում է քաղաքը:

Գեղեցիկ երաժշտությունն ընդհատվում է, երբ բացում եմ համացանցը, քաղաքական գործիչների ամպագոռգոռ ելույթներից, քննարկվում են ընտանիքը, բռնությունը, բանակը, զորակոչը: Որոշում եմ ծանոթանալ նորություններին: Եվ հանկարծ աչքիս զարնում է մի բարձրաստիճան պաշտոնյա, որ, ինքնագոհ, մատը թափ տալով, ճառում է զինվորական ծառայության, զորակոչի հավասարության և պետության համար կարևորագույն այլ հարցերի մասին:

…Ակամա հիշողություններս ինձ մոտ 18 տարի հետ են տանում. ես աշխատում էի Էրեբունի բժշկական կենտրոնի ֆրանսիական ատամնաբուժարանում և բժշկել եմ այդ մարդուն, անձամբ ճանաչում եմ մոտ 25 տարի: Հիշում եմ՝ ինչպես էր այն ժամանակ խուսափում բանակից, հիշում եմ՝ ինչպես էր ռազմական ոստիկանությունը փնտրում իրեն. հայրը դիմել էր նրա ընկերուհուն, որը զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի խորհրդական էր, որպեսզի վերջինս ոստիկանական հետապնդումից ազատի որդուն: Այդ ժամանակ ես բուժում էի նաև այդ աղջկա ատամները և հիշում եմ՝ ինչպես հոգատար ընկերուհին, եթե չեմ սխալվում, այն ժամանակ պաշտպանության փոխնախարար Շիրխանյանի օգնությամբ փրկեց նրան պատժից… Եվ այսօր նա՝ իբրև մեծ «փիլիսոփա», իբրև մեծ «ուսուցիչ», մատը տարբեր ամբիոններից թափահարելով, փորձում է դաստիարակչական խորհուրդներ և խրատներ տալ մատաղ սերնդին։ 
Այստեղ մնում է միայն բացականչել․ «Օ ՜ , ժամանակներ, օ ՜ , բարքեր»։

․․․Ես անկեղծորեն հավատում եմ, որ քիչ ժամանակ է մնացել ինքնակոչ ամբարտավանությանը, որովհետև լատինական հզոր իմաստությունը հուշում է․

– ՈՉՆՉԻՑ ՈՉԻՆՉ Է ՍԵՐՈՒՄ
(EX NIHILO NIHIL)։

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյան»