Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք չենք կանգնում խաչմերուկի առջև, մենք կամուրջ ենք». Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
armenia-eu

Եվրոպական միության հետ ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ճիշտ չէ հակադրել ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հետ, կարծում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.  «Հայաստանի՝ Եվրամիության հետ ստորագրվելիք փաստաթուղթը քաղաքական շահերի համադրման արդյունք է և ոչ թե հակադրման փորձ։ Մենք կանգնած չենք և չենք կանգնում խաչմերուկի առջև, մենք կամուրջ ենք Արևելյան և Արևմտյան երկրների, դաշինքների, եվրոպական և եվրասիական դաշինքների միջև։ Վնասակար եմ համակրում խնդրի՝ հակադրման կոնտեքստում քննարկումները»։ 2013 թվականին Եվրամիությունը հրաժարվեց վավերացնել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այն պարագայում, երբ ԵՏՄ անդամակցությամբ անհնարին դարձավ դրա տնտեսական մասի ստորագրումը։ Ըստ Արմեն Աշոտյանի՝ այս ընթացքում շատ բան է փոխվել։ Հենց թեկուզ այն, որ Եվրամիության բարձրագույն ղեկավարության նոր կազմն Արևելյան գործընկերությունը այլևս չի ընկալում որպես աշխարհաքաղաքական նախագիծ։  «Այս եվրահանձնաժողովը, այս եվրախորհրդարանը նման չոր հռետորաբանություն չունի և Արևելյան գործընկերությունը չի դիտարկում որպես Ռուսաստանի շահերի հետ հակադրության գործիք»։ Հիմա չկան Ռուսաստանի շահերից բխող տնտեսական այն խոչընդոտները, որ կային այն ժամանակ։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի տեսակետն է. «Այս փաստաթուղթն անցել է ԵՏՄ փորձագետներին ձեռքի տակով, և իրենց հետ համաձայնություն կա։ Տեխնիկական պահը եկեք համարենք անցած փուլ և հիմա պետք է սպասենք, որ լինի այդ ստորագրումը»։ Համաձայնագիրը Հայաստանի արդիականացման միջոց է, որն առաջարկում է Եվրամիությունը։ Ըստ քաղաքագետ Գևորգ Մելիքյանի՝ 400 էջանոց փաստաթղթում շարադրված է Հայաստանի խնդիրների շարքը։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարի 26-ամյա անհաջող փորձը ներշնչում է վատատեսություն. Հայաստանի իշխանությունը չի կատարի Համաձայնագրի այն դրույթները, որոնք լավացնելու են քաղաքացիների կյանքը. «Գալիս է գլոբալ հռետորական հարց՝ արդյո՞ք իշխանությունները պատրաստ են կիրառել, թե իրենց անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ կիրառել Եվրամիության կողմից, այնուհետև իմիտացիոն բնույթով ցույց տալ, որ ինչ-որ բաներ կատարում են, կամ պատճառաբանել թե ինչու չեն կատարվում, և նորից շարունակել ինքնախաբեության այս շղթան»։ Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ մինչ նոյեմբերի 24-ի Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, Հայաստանի իշխանությունը պետք է ձեռքերը չծալի, ու չհամարի, թե Համաձայնագիրն արդեն իրողություն է. «Այն, ինչ արվել է պարոն Աշոտյան, լավ է, վատ է,  արվել է։ Հիմա պետք է առնվազն մի քանի անգամ ավելացնել ակտիվությունը։ Կան Եվրամիության մայրաքաղաքներ,  որտեղ հսկայական անելիքներ կան»։ Համաձայնագրում խոսք է գնում նաև Արցախի խնդրի մասին։ Կողմերը համաձայն են, կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա։ Հանրապետական Արմեն Աշոտյանը սա համարում է կարևոր լծակ Հայաստանի ձեռքին։