Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կին գործիչները՝ Գերմանիայում, Վրաստանում և Հայաստանում. ինչու են նրանք քիչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
kanayq

Կինը և քաղաքականությունը. իրար լրացնո՞ղ թե ծայրաստիճան հակասող երևույթներ: Հարցը Կանանց Համահայկական միության միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին է առաջադրված։ Կին կանցլեր ունեցող Գերմանիան կնոջը հասարակական կյանքի առաջին պլան է բերել դեռ նախորդ դարասկզբին։  «Գերմանիան Եվրոպայում առաջին երկրներից է, որ կանանց թույլ տվեց կուսակցություն բացել ու քվեարկել։ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո կանայք արդեն պատգամավորներ դարձան»,- ասում է Հայաստանում Գերմանիայի Արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը։ Գերմանիայում անհանգստացած են, որ վերջին տարիներին չեն կարողանում բարելավել Բունդեսթագում կանանց ներկայացվածության աստիճանը։ Վերջին ընտրությունների արդյունքները մտահոգել են բոլորին՝ Գերմանիայի պառլամենտում հայտնվածների միայն 31%-ն է կին։ Դեսպանը նշում է. «Պատճառն այն է, որ կանայք այնքան էլ մոտիվացված չեն կուսակցական դառնալ։ Դա գալիս է նաև կուսակցությունների քաղաքականությունից։ Քաղաքական ուժերից Կանաչների կուսակցությունը 50%-ի չափով կին թեկնածուներ է առաջադրում։ 31% ցուցանիշը բարձրացնելու համար Գերմանիայում պետք է շատ աշխատենք, Հայաստանում ևս պետք է շատ աշխատել՝ կանանց ներկայացվածությունը ԱԺ-ում գոնե 30%-ի հասցնելու համար»։ Հարավային Կովկասում Վրաստանը միակ պետությունն է, որտեղ խաղաղ իշխանափոխություն է եղել։ Վրացի քաղաքական գործիչ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Թամար Կեկենաձեն պատմում է՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի իշխանությունը Վրաստանը վերջնականապես ժողովրդավարացնելու հույսեր էր առաջացրել, սակայն վերջին ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը ցույց տվեց, որ վրացիները հեռու են այդ օրվանից. «Նախագահի ինստիտուտը միակն է պետական համակարգի մեջ, որին այս կառավարությունը չի վերահսկում։ Բայց նոր Սահմանադրությամբ նրա լիազորությունները նվազեցրել են, նախագահի ինստիտուտը մեր հասարակության միակ հույսն էր գոնե ինչ-որ անկախ մարմին ունենալու, որ կարող էր դիմադրել իշխող կուսակցությանը։ 2018-ին մենք փոփոխված սահմանադրության համաձայն, կունենք նախագահական վերջին ընտրությունը»։ Կին քաղաքական գործիչների վիճակը Վրաստանում էլ փառահեղ չէ։ Պատգամավորների միայն 16 տոկոսն է իգական սեռի ներկայացուցիչ։ Նախկինում այդ թիվը 11% էր։ Վրաստանում կանայք մեծաթիվ են հասարակական սեկտորում, նույն իրավիճակը չէ քաղաքական դաշտում։ Թամար Կեկենաձեի խոսքով՝ կանայք Վրաստանում քաղաքականության մեջ քիչ են երևում առաջին հերթին ֆինանսական ռեսուրսների բացակայության պատճառով. «Շատ դժվար է կանանց համոզել իրենց թեկնածությունն առաջադրել։ Ենթադրվում է, որ դու պետք է գումարներ ունենաք վճարելու՝ ձայն ստանալու համար։ 2016 թվականի ընտրություններում շատ խոշոր փողեր մտան խաղի մեջ, ես միլիոններ նկատի ունեմ։ Գումարը կուտակված է մեկ կուսակցության ձեռքում, Թբիլիսիի քաղաքապետի ընտրությանը պարզվեց, որ նվիրատվությունների 90%-ը գնացել է իշխող կուսակցությանը»։ Երկու տարի առաջ վրացիները զարմանքով տեղեկացան, որ ունենալու են Պաշտպանության կին նախարար։ Թամար Կեկեկաձեի խոսքով՝ նրա կյանքն այդ պաշտոնում վերածվել է իրական մղձավանջի. «Չնայած նրան, որ նա մեզ հակառակորդ կուսակցությունից էր, ես ուղղակի խղճում էի նրան։ Նրան քննադատում էին ամենուր. հագուստից սկսած՝ մազերի գույնից վերջացրած, բայց նա շատ դրական բաներ արեց և բարեփոխեց բանակում իրավիճակը»։ Կանայք գրեթե տեղ չունեն նաև հայաստանյան քաղաքական արենայում։ Ընտրություններին մասնակցողների 52%-ը կանայք են, բայց նրանց գրեթե չես տեսնի երկրի կարևորագույն պաշտոններում։ Խորհրդաժողովի մասնակիցների գնահատմամբ՝ հազվադեպ դեպքերում առաջխաղացում գրանցողները մոտիվացված են հիմնականում սեփական շահերով։