Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահպանել պետական պարտքի շեմը, անհրաժեշտության դեպքում՝ գերազանցել

Կարևոր լուրեր Տնտեսություն
seminar

ՀՀ պետական պարտքը պահպանել օրենքով սահմանված ՀՆԱ-ի նկատմամբ 60 տոկոսի շեմին, իսկ խիստ անհրաժեշտության դեպքում` այն գերազանցել: Հանքավանում լրագրողների հետ հանդիպմանը 2018թ. պետական բյուջեի քննարկումների շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը ներկայացրեց իր ծրագիրը` «Հարկաբյուջետային կանոնների վերանայում եւ արդիականացում» անվամբ: ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանն իր խոսքում նշեց, որ նախագծով նախատեսվում է խիստ ցնցումների դեպքում, երբ հնարավոր չէ բյուջեի կառուցվածքով խնդիրը լուծել, դիմել ԱԺ-ին, ներկայացնել հաշվետվություն այն մասին, որ վատ վիճակում են, անհրաժեշտ է ներգրավել նոր պարտք, որը կարող է գերազանցել 60 տոկոսանոց շեմը. «Մենք պետք է հիմնավորենք, որ տնտեսական ճնշումը, ցնցումն այնքան մեծ է, որ պետք է գնան օրենսդրական փոփոխությունների եւ գերազանցեն պետական պարտքի առավելագույն շեմը: Դրա հետ մեկտեղ ներկայացնելու ենք նաեւ այն մեխանիզմները, թե ինչպես ենք հետ գալու նախատեսված շեմին: Եթե մենք չկարողանանք դա անել, ապա մեր դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ` ընդհուպ մինչեւ Կառավարության հրաժարականը»: Հարցին, թե տնտեսական ո՞ր ցնցումները կհամարվեն հիմք պետական պարտքի առավելագույն շեմի գերազանցման համար, պարոն Ջանջուղազյանը նշեց, որ օրենքով հնարավոր չէ դա կարգավորել. «Մենք չունենք այնքան ճկունություն, որ օրենքով կարողանանք սահմանել այդ ցնցումների տեսակները: Մենք հիմա մտածում ենք`ինչ կանոններ մշակենք, սահմանափակենք մեզ` պետական պարտք շատ չվերցնենք, մեր ծախսերն էլ քչացնենք: Ի դեպ, ՀՀ-ն դիտարկվում է որպես միջին եկամուտ ունեցող երկիր, դրա համար մեզ տրվող վարկերի մեջ արտոնյալ հատվածը փոքրանում է»: Այս ծրագիրը մշակում է ՀՀ ֆինանսների նախարարությունը` Արժույթի միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Քննարկման մասնակից ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի խոսքով` ճգնաժամի պատճառով աշխարհի բոլոր երկրներում դեֆիցիտներն աճել են, իսկ դեֆիցիտի կուտակումը բերում է պարտքի փոփոխության և պարտքի մակարդակը նույնպես բոլոր երկրներում աճել է: Հայաստանում հարկաբյուջետային քաղաքականությունը վերջին տարիներին եղել է հակացիկլիկային, մինչդեռ նախքան 2009թ. ճգնաժամը եղել է չեզոք կամ ընդլայնող. «2016թ. պետական պարտքը գերազանցել է 50%-ը: Մինչև 2008թ. պարտքը նվազել էր ՀՆԱ-ի մինչև 13%, այդ ժամանակ նաև փոխարժեքի էֆեկտը կար, իսկ հիմա պարտքը վեր է բարձրացել հաշվեկշռի հաշվին, 2015թ. վերջին փոխարժեքի կտրուկ տատանում եղավ»: