Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր» խմբի անդամը հացադուլ է սկսել (տեսանյութ)

Քաղաքականություն
tatul-1

«Սասնա ծռեր» խմբի անդամ Թաթուլ Թամրազյանն այսօրվանից հացադուլ է սկսել։ 27- ամյա  երիտասարդը բողոքում է իրեն բուժօգնություն չտրամադրելու դեմ: Թաթուլ Թամրազյանը   դեռեւս սեպտեմբերի կեսերին դիմում է ներկայացրել Նուբարաշեն ՔԿՀ պետին՝ խնդրելով իրեն բուժզննության ենթարկել եւ առաջնահերթ բժշկական օգնություն ցուցաբերել, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել. «Դիմումի մեջ նշվում է, որ հնարավորության դեպքում խնդրում է իրեն տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց կամ Արմավիր ՔԿՀ, այն պարզ պատճառով, որ Նուբարաշեն ՔԿՀ-ում իր գտնվելը իր առողջական վիճակի հետ ուղղակի անհամատեղելի է»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը:  Հենց ՊՊԾ-ի գրավման օրը նա հրազենային ծանր վիրավորում է ստացել եւ բազմաթիվ վիրահատությունների ենթարկվել։ «Հեռացված է նրա մեկ երիկամը, հաստաղու մի մասը: Բոլորովին վերջերս եւս մեկ վիրահատություն տարավ: Նման ծանր առողջական վիճակում «Նուբարաշեն»   ՔԿՀ-ի ընդհանուր խցում պահելը ուղղակի անհնար է:  Միշտ բողոքել է մարմնի բարձր ջերմությունից, գլխացավերից եւ ոչ մի բուժօգնություն չի ստացել»,- ավելացնում է Արայիկ Պապիկյանը:   Վերջին մեկ ամսվա ընթացքում բավականին հյուծված Թաթուլ Թամրազյանի բողոքի նման ծայրահեղ քայլին դիմելը անհանգստացնում է նրա պաշտպանին  «Ես գտնում եմ, որ եթե անհապաղ հրատապ միջոցներ չձեռնարկվի, եւ որեւէ անցանկալի հետեւանք առաջանա, ապա միանշանակ դրա ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի ՔԿՀ հիմնարկը, վարչությունը, որոնք ոչինչ չեն ձեռնարկել»: Պաշտպանին նաեւ  խիստ կասկածելի է ,  թե ինչու են  նրան «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել  Նուբարաշեն ՔԿՀ, որտեղ նա  գտնվում է ոչ թե բուժմասում,այլ ընդհանուր խցում. «Այն դեպքում, երբ բժշկի ամենօրյա ուշադրության, հոգածության կարիք ունի»:  Արայիկ Պապիկյանը խնդրի առնչությամբ դիմում է  ներկայացրել  ինչպես Նուբարաշեն ՔԿՀ պետին, այնպես էլ ՄԻՊ գրասենյակ: