Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի ուժերն են պարտադրել այս օրենքը. Վարդան Բոստանջյանի մտահոգությունները (տեսանյութ)

Քաղաքականություն
bostanjyan

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի վերաբերյալ խորհրդարանական լսումներին այսօր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, հարց ուղղելով Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, նշեց, որ կան խոսակցություններ, որ համապատասպան կամ հայտնի ուժերն են պարտադրել այս օրենքը, որ ընտանիքը վերացնեն, պղծեն. «Հիմա դուք կասեք՝ նման բան չկա: Նաեւ ասում են՝ գրանտակեր կերպարները պաշտպանում են իբր այս օրենքը: Ես երկար տարիներ պատգամավոր եմ եղել ու գիտեմ՝ ինչպես են խաբում դիմացինին. հարցեր են բարձրացնում, ասում եք՝ առաջարկություններ արեք: Հայ ընտանիքը Քրիստոսից առաջ էլ ամուր հենք է ունեցել, հիմա՝ հնարավոր չէ՞ «Ընտանեկան օերնսգրքով» կարգավորել հարցերը, ինչո՞ւ պարտադիր հենց այս օրենքով պետք է դա լինի: Ես հասկանում եմ, որ այնտեղ բռնություն է գրված եւ այլն, բայց բստրած բաներ են՝ տնտեսական բռնություն եւ այլն»:  Վիգեն Քոչարյանը հայտարարեց, որ նպատակը հստակ ձեւակերպված է օրենքում. «Ուզում եմ ասել, որ ՀՀ-ին հեշտ գործ չէ պարտադրելը: Այո, ՄԱԿ-ի շրջանակներում համապատասխան պարտավորություններ ունենք, սակայն այն ստանձնել ենք կամովին ու դրանք պետք է կատարենք: Այո, դա գաղտնիք չէ՝ այս օրենքի ընդունումը նախատեսված է ԵՄ բյուջետային աջակցության ծրագրերով: Իմաստը կայանում է նրանում, որ այդ բյուջետային աջակցության ծրագրերը միտված են կառավարության ծրագրերի իրականացմանը»:  Արձագանքելով՝ Վարդան Բոստանջյանը նկատեց. «Երկիրը հազարավոր խնդիրներ ունի, դրանք թողած՝ հայկական ընտանիքով ենք զբաղված: Ինչո՞ւ այդ ֆինանսները չեն ուզում բաշխել այնպես, որ խոցելի խնդիրները լուծենք՝ աղքատությունը վերացնենք, աշխատատեղեր բացենք: Եկել ամենաամուր տեղամասին են կպել: Այդ ինստիտուտի արդյունավետությունը կարելի է բարձրացնել այլ օրենքներով»:  «Այս օրենքը ծայրահեղ դեպքերի համար է նախատեսված, երբ դանակը ոսկորին է հասել ու այլ հնարավորություն չկա՝ իրավիճակը շտկելու համար»,- նշեց Վիգեն Քոչարյանը: