Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հյուսիսային պողոտան սեյսմակայուն չէ, իսկ Մոնումենտի վիլլաները սողանքի գոտում են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
karine-1

Անկախության տարիներին իրականացված կառուցապատումը բացարձակ հակաէկոլոգիական է եւ բարձրացրել է աղետների ռիսկերը: «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներին հայտարարեց  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը. «Հյուսիսային պողոտան, որ կառուցել ենք, չի դարձել հյուսիս, այլ դարձել է հարավ ու սեյսմիկ ակտիվ գոտում է, կլիմայի փոփոխության դեպքում վտանգավոր է: Շատ բողոքեցինք, սակայն ոչինչ չստացվեց: Կառավարության որոշում կա, որ օպերայից բարձր չպետք է լինեն պողոտայի շենքերը, սակայն եկեք, գնանք, նայենք՝ որն է իրականությունը: Մեկ ուրիշ օրինակ բերեմ՝ ընդամենը մի քանի մետր տարածություն կար երեւանյան մի դպրոցի եւ կողքի բարձրահարկ շենքի միջեւ: Կարծես՝ հատուկ շենքերը կառուցվել են նրա համար, որ փլվեն դպրոցի գլխին»: Բնապահպանը նաեւ անդրադարձավ մայրաքաղաքի կանաչապատ տարածքներին, որոնք մաքրում էին Երեւանի օդային ավազանը, պաշտպանում սողանքներից. «Հիմա էդ բոլորը չկա, բաժանված է՝ վիլլաներ կառուցելու համար: Ես միշտ դիմում եմ այդ մարդկանց՝ ասելով, որ ափսոս է, որ այդտեղ փող են ծախսել եւ կառուցելու են»: Խոսքը «Մոնումենտի անտառների» մասին է։ Երեւանում աղետների ռիսկերն անկառավարելի են դառնում նաեւ, քանի որ շենքների մեծ մասը հայտնվել են թակարդում. «Մեր շենքի օրինակը կարող եմ ասել. երկու մուտք ունի, մեկը փակել են՝ բնակարան են կառուցել են, բոլոր լուսամուտները փակ են՝ հսկայական պահարաններ են կանգնեցրել, եւ այդտեղից օգտվել հնարավոր չէ: Ամեն կողմից շլագբաում է դրված, չի կարող մոտենալ ոչ հրշեջ մեքենան, ոչ շտապօգնության մեքենան: Պրոբլեմ է առաջանում»: