Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարորդները՝ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելելու մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
meqena-nkar

Աջ ղեկով ավտոմեքենաների գոյությունը դժվարացնում է երթևեկը վարորդների համար։ Անդրանիկ Շահվերդյանը, որի մեքենան ձախ ղեկ ունի, կողմ է աջ ղեկով մեքենաների օգտագործման սահմանափակմանը. «Էս երկրում, որ ձախ ղեկով են քշում, աջ ղեկը շատ սխալ բան ա։ Ես ինքս ճամփորդության մեջ նկատել եմ վազանցի ժամանակ ամենավտանգավոր բանն ա աջ ղեկովը։ Երբ դու աջ կողմում ես նստած, ուզում ես վազանց կատարես, բայց էս կողմը չես տեսնում»։ Փորձառու՝ ավելի քան 40 տարի ավտոմեքենայի ղեկին գտնվող Էդվարդ Սարգսյանը դեմ է աջ ղեկով մեքենաների օգտագործումը սահմանափակելուն։ Վթարներն ու մահվան ելքով պատահարները աջ ղեկի պատճառով չէ, որ առաջանում են. «Եթե վարորդը նորմալ վարորդ է, էդ գրքույկը որ ստացել է, իսկապես արժանի ա էդ գրքուկը ստանալուն, ուրեմն խնդիր չեմ տեսնում»։ Ըստ շրջանառվող լուրերի՝ կարող է սահմանափակվել աջ ղեկով ավտոմեքենաների օգտագործումը կամ ներկրումը, թեև դեռ այդպիսի իրավական ակտ չկա։ Հարցին լուծում տալիս պետությունը պետք է հասկանա՝ լավ կյանքից չէ, որ քաղաքացիները աջ ղեկով մեքենաներ են ներկրում։ Դրանք պարզապես ավելի էժան են։ «Եթե մարդիկ հնարավորություն ունենան, ձախը կներկրեն։ Ժողովուրդը երբ որ ունեցավ, ամեն ինչ կկարգավորվի։ Պետք է այնպես անել, որ ժողովուրդը փող ունենա»,- ասում է Էդվարդ Սարգսյանը։ Աջ ղեկով մեքենաների օգտագործման սահմանափակումը մեծ դժգոհություն կարող է առաջացնել վարորդների շրջանում։ Պատճառը պարզ է՝ Երևանում ամեն քայլափոխի  աջ ղեկ ունեցող մեքենա է պատահում. «Այդ բերողը մեղավոր չի, էն, որ թույլ է տվել էդ աջ ղեկովը բերեն, նա է մեղավոր»,- ասում է Էդվարդ Շահվերդյանը։ Խնդիրը միայն վերջերս նկատած պետական գերատեսչությունը պետք է չգնա աջ ղեկ ունեցող վարորդների համար խիստ ու անընդունելի լուծումների։ Հարցը վաղուց լուծվել է զարգացած երկրներում։ «Ես 10 օր առաջ եմ Միլանից եկել ստեղ, ես ընդեղ աջ ղեկով մեքենա չեմ տեսել, լրիվը ձախ էր։ Տաքսիներն այստեղ բոլորը աջ ղեկով են, եթե մեկը աջ ղեկ ունի, չի կարող տաքսի քշել, տաքսին էն դժվարությունը կա, որ մարդիկ ձախ կողմից իջնելիս վտանգավոր է»,- պատմում է Էդուարդ Միրիջանյանը։ Ճիշտ չէ նաև աջ ղեկ ունեցող մեքենաներին պարտադրել փոխել մեքենայի ղեկը։ Կան դեպքեր, երբ այդպիսի մեքենաների ղեկը հրաժարվում է ենթարկվել վարորդին. «Հիմա բերել են, ի՞նչ պետք է անեն էդ մարդիկ, ինչքա՞ն դրամ պետք է ծախսեն, որ տեղափոխեն ղեկը, եթե նույնիսկ տեղափոխեն, լավ չի աշխատի, որովհետև գործարանային չի։ Սրանք, որ կան, պետք է չարգելեն վարել, այդ մեքենաները պետք է շարքից դուրս գան, բայց դրանց նեղացնել, չեմ կարծում թե ճիշտ է»։ Հայաստանն աջակողմյան երթևեկության երկիր է, և ավտոմեքենաները չեն կարող ունենալ աջ ղեկ, ասում է նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ աջ ղեկով մեքենաների ներկրման արգելումը քննարկվող տարբերակ է, բայց արդեն գործածվողները շրջանառությունից հրատապ հանելու հարց չկա։ Իսկ արդեն աջ ղեկ ունեցողներին հնարավոր է ժամանակ տրվի ազատվել ավտոմեքենաներից. «Ժամանակի չափը դեռ չգիտենք, մի տարի տասը տարի թե հիսուն տարի, չգիտեմ,ոչ մի կոնկրետ բան չկա»,- ասում է Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նախարարությունում քննարկվում է ձախ ղեկով ու համեմատաբար թանկ ավտոմեքենաների մաքսատուրքերն իջեցնելու հարցը, ճիշտ է՝ մինչը 2020 թվականը, երբ ուժի մեջ կմտնեն ԵՏՄ-ի կանոնները։ Այդ ժամանակ հայաստանցի վարորդներին կպարտադրվի առնվազն 30 տոկոս մաքսատուրք վճարել արտասահմանյան մեքենաների համար։