Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երեխաների համար փնտրում են ռուսական անձնագիր ունեցող խնամակալների» (տեսանյութ)

Հասարակություն
lezu

«Հայաստանի պետական լեզվաքաղաքականությունը. հայոց լեզվի մարտահրավերները եւ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը» հասարակական-քաղաքական քննարկմանն այսօր Երեւանի ավագանու Ելք խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ մայրենին վտանգված է. «Օտար լեզուների եւ հատկապես ռուսաց լեզվի՝ հատուկ կարգավիճակ տալու մասին խոսակցությունները, որ պարբերաբար բարձրանում են, անմիջապես հակընդդեմ հարցն է առաջանում՝ իսկ մենք մայրենին պաշտպանո՞ւմ ենք: Մի վտանգավոր երեւույթ է սկսվել՝ ՀՀ քաղաքացիները սկսել են իրենց երեխաների համար փնտրել ռուսական անձնագիր ունեցող խնամակալներին, դասավորել չգիտեմ՝ ոնց, ու վարչական շրջանների հանձնաժողովները սկսում են այդ ծնողական իրավունքը տալ այլ քաղաքացու եւ այդպիսով թույլտվություն ստանալ ռուսական դասարաններ գնալ: Ունեմ այդ ցուցակները եւ ամենից շատ Մայակովսկու անվան դպրոցում են նրանք՝ 28 երեխա»: Ըստ նրա՝ եթե օտար լեզուների մասին հայեցակարգը շարունակի իր քննարկումների ընթացքը մինչեւ կառավարություն, ապա տիկին Բախշյանը սա որակելու է ոչ այլ ինչ, քան հրաշալի մի հերթական առիթ Կրթության եւ գիտության նախարարի հրաժարականը պահանջելու: Քննարկմանը ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Բանահյուսության բաժնի վարիչ Թամար Հայրապետյանն իր հերթին նշեց՝ երբ որեւէ օտար լեզվի դասավանդման համար մշակվում է առանձին հայեցակարգ, դա արդեն նշանակում է, որ մայրենի լեզուն մեր երկրում դրվում է անհավասար պայմաններում. «Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգից պարզ է դառնում, որ ՀՀ երիտասարդները գիտության, կրթության, արտադրության, մշակույթի բոլոր ձեռքբերումներին հասու լինելու եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմագրավելու համար, պետք է առաջին հերթին շատ լավ տիրապետեն ռուսաց լեզվին ու դրա լավ տիրապետումը կապահովի նրանց առանձնակի կարգավիճակ, մրցակցային արտոնություն՝ բուհ ընդունվելու ու մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար: Սա ինքնին նշանակում է, որ մեզ պարտադրվում է ռուսերենի միջոցով հաղորդակցել աշխարհի հետ. ռուսերենը պատուհան է դեպի աշխարհ, սա այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը դա անում է անգլերենի միջոցով: Սա չի նշանակում, թե ռուսերենը պետք է իսպառ բացառել: Խոսքն այն մասին է, որ մեր պետությունը պետք է ապահովի մայրենիի համար գերակայություն ու դրանից հետո բավարար պայմաններ ստեղծի օտար լեզվի զարգացման համար»: Հասարակական գործիչ Դավիթ Սանասարյանն օտար լեզուների մասին հայեցակարգը որակեց որպես համակարգված դավադրություն պետության, ինքնիշխանության նկատմամբ. «Բոլորս էլ գիտենք, որ լեզվի միջոցով է շատ արագ տեղի ունենում ռուսաֆիկացումը: Ես կարծում եմ, որ սա ռուսաֆիկացման պրոցես է. կամաց-կամաց տնտեսության զարգացման համար մեր հաջողությունները կապում են ԵՏՄ մտնելով, բանակը, անվտանգությունը պահելու համար համատեղ զորախմբեր զտեղծելու պայմանագրեր են առաջարկում: Հայկական արտադրության մեծ մասը ռուսերենով են գրում: Ամենավտանգավորն այն է, որ մեր աշակերտին սովորեցնում են, որ հաջողության լեզուն ռուսերենն է: Սա կախվածության հերթական մի չափաբաժինն է, որի դեմ լուրջ գործունեություն պետք է ծավալել: Մեր ԱԱԾ կադրերի մի մասը ՌԴ-ում են կրթություն ստանում: Մեր պաշտոնյաները եւս լավ չեն տիրապետում հայերենին: Վարչապետն իր ելույթներում օգտագործում է ռուսերեն ու անգլերեն բառեր, եւ հետո տեսնում ենք, որ նրա ենթակա ստորաբաժանումներում էլ սկսել նույն կերպ խոսել՝ դուխով, դրայվ, դավայ, ռեսթարթ, սա աբսուրդ է: Այսինքն, լեզվի նկատմամբ մոտեցումը գալիս է ամենաբարձր մակարդակից: Կամ՝ ՀՀ առաջին տիկինը խոսում է ռուսերեն՝ եթերով, լրագրողների հետ հանդիպմանը: ԿԳ նախարարն ասում է խնդիրը մի քաղաքականացրեք, քանի որ ԵՏՄ պաշտոնական լեզուն ռուսերենն է: Առանց մեզ հարցնելու՝ տարան, մտցրին այդ հոտած կառույցի մեջ, իսկ հիմա մեզ հիմնավորում են, թե ինչու պետք է ռուսերենը գերակայի»: