Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԿ-ները եկամտային հարկի վերաբերյալ խնդիրները կքննարկեն ՊԵԿ-ի հետ

Հասարակություն
unnamed

Քաղհասարակության կազմակերպությունները «Հասարակական կազմակերպությունների մասին» նոր օրենքով սահմանված փոփոխությունների վերաբերյալ սեպտեմբերին քննարկում-դասընթացներ են կազմակերպել Գյումրիում, Գավառում, Վանաձորում, Կապանում և Երևանում։ Քննարկումները կազմակերպվել են Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառության» ծրագրի շրջանակում, որի նպատակը կառավարության և քաղհասարակության միջև տարբեր խնդիրների շուրջ հանրային քննարկումների հարթակ ունենալն է։ «Օրենսդրական դաշտի փոփոխությունների վերաբերյալ գիտելիքների պակասի դեպքում հասարակական ոլորտում դժվար թե կարողանանք աշխատել։ Խորքային փոփոխություններ են կատարվել և դասընթացից արդյունավետ գիտելիքներ ստացանք»,- նշում է «Փիլադելփիա» հաշամանդություն ունեցող երեխաների ՀԿ նախագահ Հովիկ Իսրաելյանը։ «Կին գիտնականների միավորում» ՀԿ նախագահ Արմինե Ավագյանը նշում է, որ դասընթացի արդյունքում իր համար պարզ է դարձել, որ պետք է ՀԿ-ի կանոնադրությունը համապատասխանեցնել նոր օրենքին և գրանցել պետական ռեգիստրում․ «Դա անվճար կարող ենք անել մինչև փետրվարի 4-ը։ Սա կարևոր տեղեկություն է բոլոր ՀԿ ներկայացուցիչների համար»։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կազմակերպված հինգ դասընթացին մասնակցել է քաղհասարակության կազմակերպությունների շուրջ 50 ներկայացուցիչ, որից 40-ը (80 տոկոսը) կանայք էին: Դասընթացներին մասնակցելու մեծ հետաքրքրվածություն ունեին նաև երիտասարդները։ «Դպրոցներում Ծնողխորհուրդների ազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Ռուզաննա Հակոբյանի խոսքով,  այսօր կա անհրաժեշտություն ստանալու մի շարք հարցերի պատասխաններ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում հարկման կարգին։ «Դեռևս չկա պատասխան, թե, օրինակ, դրամաշնորհները, անդամավճարները եկամուտներ համարվու՞մ են, և արդյո՞ք հարկվելու են։ Պետք է քաղհասարակության կազմակերպությունների և ՊԵԿ ներկայացուցիչների համատեղ քննարկումներ լինեն՝ այս հարցերը պարզելու պետք է համատեղ քննարկեն այս հարցը»,- ասաց Ռ․ Հակոբյանը։ Այս տարվա մայիսից ի վեր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում 408 քաղհասարակության ներկայացուցիչ՝ 328 կազմակերպությունից մասնակցել է դասընթացներին։ Արդյունքում շուրջ 300 հոգի դիմել է Իրավաբանների հայկական ասոցիացիային՝  նոր օրենքի և իրենց կանոնադրությունն անվճար գրանցելու վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։ Դուք նույնպես քաղաքացիական ակտիվիստ ե՞ք և հետաքրքրված ե՞ք այս դասընթացներին մասնակցությամբ։ Եթե այո, ապա դիմեք մեզ [email protected] հասցեով՝ առաջիկա դասընթացին գրանցվելու և իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար։