Չեխերը չեն շտապում ներդրումներ անել Հայաստանում (տեսանյութ)
Հայ եւ չեխ գործարարները մի սեղանի շուրջ քննարկում են համատեղ գործակցության հնարավոր տարբերակները: Գործարար համաժողովին մասնակցող չեխ գործարարները հետաքրքրված են համատեղ ձեռնարկությունների ստեղծմամբ: «Առաջին փուլում մենք նախատեսում ենք ուսումնասիրել հայկական շուկան, գուցե մատակարարումներ անենք, իսկ երբ շուկային ծանոթանանք՝ նախատեսում ենք նաեւ համատեղ ձեռնարկություն ստեղծել, որի թիրախային շուկան կլինի ձեր հարեւան Իրանը»,- ասում է չեխական CertiCon ընկերության ներկայացուցիչ Լյուդովիտ Մարցինչին: Հայ գործարարները նույնպես հետաքրքրված են չեխական շուկայով: Համատեղ տեխնոլոգիաների մշակումից բացի, հայկական կողմը շահագրգռված է հայկական ապրանքների արտահանմամբ. «Տարբեր երկրներում կան տարբեր պահանջներ՝ լիցենզավորման, անվտանգության կազմակերպությունների թույլտվության հետ կապված, դա շատ բյուրոկրատիկ գործ է, եւ մենք հիմա դրանով ենք զբաղված: Պետք է շուկան լավ ուսումնասիրենք, եւ ամենակարեւորը պետք է ճիշտ պատրաստվենք որեւէ երկիր մտնելուց առաջ»,- նշում է «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (TSD) ընկերության հիմնադիր Վահան Շաքարյանը: Համաժողովի առաջին արդյունքներն արդեն այսօր ակնհայտ են: Գործարարները հուսով են, որ պայմանավորվածությունները շուտով կդառնան բիզնես նախագծեր: