Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՍԴ-ն կարճել է Ավետիսյանների սպանության գործով վարույթը (տեսանյութ)

Հասարակություն
aramazd

 Ավետիսյան ընտանիքի 7 անդամների  սպանության գործով Սահմանադրական դատարանում այսօր  նիստ էր նշանակված, բայց երեկ  անսպասելի որոշում է կայացվել։ « Ստացանք աշխատանքային որոշում,  համաձայն որի գործի վարույթը կարճվել է»,- «Ա1+»-ին ասաց փաստաբան Արամազդ Կիվիրյանը:    Սահմանադրական դատարանում Արամազդ Կիվիրյանը վիճարկում  էր  քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության:  Հիշեցնենք, որ   Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  հրաժարվել էր  քաղաքացիական հայցն ընդունել վարույթ, Վերաքննիչ քրեական դատարանն էլ բողոքը թողել էր առանց քննության՝ նշելով, որ ստորադաս ատյանի  որոշումը բողոքարկման ենթակա չէ: «Փաստացի հակասահմանադրական իրավիճակը, որով անձը զրկվում է  դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու հնարավորությունից վերանա: ՍԴ-ն այդ առումով կարող էր իրականացնել իրավունքի զարգացում, սակայն փաստացի ցանկություն չհայտնեց»,- ավելացրեց  Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչը: Ըստ Արամազդ Կիվիրյանի՝ բուն դատաքննության ընթացքում,   անդրադարձ էր կատարվում  Վալերի Պերմյակովի  կատարած գործողություններին, մինչդեռ, ՌԴ-ի գործողությունները որեւիցե ձեւով քննության առարկա չէին դարձվում. «ՌԴ-ն տեղեկացված լինելով Պերմյակովի բազմաթիվ դասալքությունների մասին, տեղեկացված լինելով, որ նա ունի խնդիրներ, ինչի հետեւանքով նրան արգելված է եղել զենք կրել ՌԴ-ում, այնուամենայնիվ նրան ուղարկել է ՀՀ տարածք , տվել ձեռքը զենք: Դասալքության դեպքի մասին էլ ուշ է տեղեկացրել»: Այս ամենից հետո, Արամազդ Կիվիրյանը եզրակացության է եկել. «Հայաստանի ներպետական ատյանները ի վիճակի չեն եւ ցանկություն չհայտնեցին ՌԴ-ի դեմ քննել որեւիցե հարց»: ՌԴ-ից  450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում պահանջող Ավետիսյանների իրավահաջորդները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան: