Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ բացակա չդնե՛ք». Սարգիս Հացպանյանը պայքարում է հիվանդության դեմ

Հարցազրույց Քաղաքականություն
bf9135ef349023ea307ab611fac31699

Երկար տարիներ երկրի հասարակականքաղաքական կյանքում մշտապես աչքի ընկնող ֆրանսահայ ազատամարտիկ, հասարակական գործիչ, հրապարակախոս Սարգիս Հացպանյանի բացակայությունն ակնհայտ էր հատկապես վերջերս Երևանում տեղի ունեցած «ՍփյուռքՀայաստան խորհրդաժողովի» ժամանակ։ Այս օրերին սոցիալական ցանցերում օգտատերերը քննարկում էին ծանր հիվանդությամբ տառապելու պատճառով Սարգիս Հացպանյանի՝ արտերկրում գտնվելն ու նրա հետ կապվելու դժվարությունները։ «Ա1+»ին հաջողվեց Սարգիս Հացպանյանի հետ կապվել ու մի քանի հարց ուղղել նրան։ Պարոն Հացպանյան, ի՞նչ պատճառով եք Հայաստանից մեկնել։ Հուլիսի վերջերին՝ 25 տարուց ավելի ՀՀ և Արցախում ազգօգուտ անգնահատելի աշխատանքներ կատարած ու կատարել շարունակող ԱՄՆ–ի Լոս Անջելես քաղաքից իմ ևս հիմնադիրը հանդիսացած «Հայրենիք» Միության տասնյակ ընկերներիս հետ Արցախում գտնված օրերի նախօրյակին իմ ստամոքսում չարորակ ուռուցք հայտնաբերվեց։ Երևանում քաղցկեղի առկայությունն ստուգելու առթիվ ենթարկվածս բոլոր տեսակի բժշկական քննությունների տխուր արդյունքների և կատարված բիոպսիայի լաբորատոր անալիզների առթիվ Եվրոպայից ևս ստացված հաստատումից անմիջապես հետո, օգոստոս ամսվա սկզբին հարկ եղած բուժումներն ստանալու նպատակով ստիպված Ֆրանսիա մեկնեցի։ Ի՞նչ են ասում հիմա բժիշկները Ձեր առողջական վիճակի մասին։ Ուղիղ երկու ամիս է՝ Լիոն քաղաքի Edouard Herriot անունով խոշորագույն հիվանդանոցի քաղցկեղի դեմ պայքարի բաժանմունքում եմ գտնվում։ Այստեղ, Ֆրանսիացի մասնագետների կատարած բժշկական քննությունների արդյունքում մարմինումս ստամոքսից բացի էլ ավելի վտանգավոր քաղցկեղային այլ բջիջներ ևս հայտնաբերվեց, որոնք ոչ միայն ստամոքսն ամբողջովին շարքից էին հանել, այլ դրան զուգահեռ, ենթաստամոքսային կեղծի վրա և դրանից էլ լուրջ վայրում՝ սրտիս մոտ, մարմնի ամբողջ արյան շրջանառությունը կատարող գլխավոր զարկերակ՝ աորտայի մոտ դարանակալել էին։ Ըստ մասնագետ բժիշկների, իմ մոտ առկա քաղցկեղային չարորակ բջիջների բավականին առաջացած ու մի քանի տեղ տարածված մետաստազն ինչքան հնարավոր է շուտ կանգնեցնելով՝ դրանց դեմ լավագույնս պայքարելու համար պետք էր անհապաղ քայլեր ձեռնարկել։ Ըստ այդմ օգոստոսի կեսերից յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ սկսել եմ սովորականից բավականին բարձր դոզայով (օնկոլոգների հավաստմամբ դրանք կարող են ցուլին զգետնել) քեմո–թերապիայի կուրսեր ընդունել։ Եվ ըստ նախատեսվածի այդ ամենը տևելու է մինչև հոկտեմբեր ամսվա վերջը, որից հետո բժիշկների կոնսիլիումը հավաքվելու է գնահատելու կատարված եռամսյա աշխատանքի արդյունքներն ու որոշելու ինձ վիրահատելու ժամկետները, որին էլ պետք է կրկին անգամ հետևի քեմո–թերապիայի կուրսերի շարունակությունը, որոնք ըստ նախատեսվածի վեցից ութամսյա ժամկետում պիտի կատարվեն… Եվ եթե այս ամենից հետո ամեն ինչ բարեհաջող ընթանա, երկու տարի անընդմեջ յուրաքանչյուր երկու ամիսը մեկ պետք է մեկ շաբաթով նույն հիվանդանոցում իմ բուժմամբ զբաղվող օնկոլոգների կողմից ստուգումների ենթարկվեմ, որոնք ըստ սպասելիքի պետք է մինչ այդ ստացված բուժման վերջնական արդյունքները ցույց տան փաստորեն։ Ֆրանսերենում «Քաղցկեղից երբեք լրիվ չեն բուժվում» ասող մի ասածվածք կա, երևի թե դա հենց այս ամենի հաստատումն է։ Այս դժվար շրջանում ի՞նչն է ձեզ օգնում։ Ինձ ամենաշատ հուզող ու տխրեցնող հանգամանքն այս ամենում, հավատացեք իմ մոտ շատ պատահականորեն հայտնաբերված նենգ հիվանդության պատճառով իմ պաշտելի հայրենիքից ստիպողաբար մոտ մեկ տարի բացակայելու իրողությունն է։ Խոստովանում եմ, որ այժմ այս լրջագույն բարդույթի հետ դեմ հանդիման եմ գտնվում, և ցավալին այն է, որ չգիտեմ դրա հետ ինչպես եմ հաշտվելու։ 27 տարի առաջ, դեռևս խորհրդային շրջանում Փարիզից Երևան «one way ticket»-մեկ ուղղությամբ տոմսով ժամանելով մշտական բնակություն հաստատածս իմ սիրելի հայրենիքից երբեք մի քանի շաբաթից ավելի ժամանակ չեմ բացակայել, հավատացեք, հայրենիքից հեռու գտնվելու այս փորձությունն իմ համար շատ ավելի դժվար տանելի է, քան չարորակ քաղցկեղի դեմ պայքարելու դժվարին գործընթացը։ Ուստի, Ձեր միջոցով ուզում եմ իմ հայրենաբնակ հայրենակիցներիս ջերմորեն ողջունելով հավաստիացնել, որ չար ու նենգ քաղցկեղին հաղթելով, ոտքի և ողջ–առողջ իրենց մոտ վերադառնալու օրերի կարոտով եմ ապրելու… հիվանդությունն ինձ կարող է ֆիզիկապես հյուծել, տկարացնել, հոգնեցնել, բայց իմ անկոտրում ոգին վնասել չի կարող երբեք։ Այժմ ունեմ միայն մեկ նպատակ, որն այս ծանր շրջանը արժանապատվորեն անցնելով ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում լիովին առողջանալն է… Հավատացած եմ ու իմ յուրաքանչյուր բջիջով հավատում, որ մեր չարքաշ, բայց սքանչելի որակներով օժտված հայ ժողովրդի զավակ լինելու հպարտությամբ, հոգուս խորքում զգում եմ, որ ազգիս հանդեպ իմ պարտքն ամբողջովին վերադարձնելու ժամանակներն առջևում են դեռևս։ Սրանք, սոսկ զգացական բառեր չեն… Ամենայն անկեղծությամբ եմ ասում ու պնդում, որ ազգիս արժանի վաղվա պայծառ օրերին հասնելու՝ բոլորիս երազած արդար Հայաստանն ունենալու և մեր զավակներին մարդկային արժանապատվությամբ ապրելու, հզոր երկիր թողնելու պայքարում ինձ բացակա չդնե՛ք։ Եվ իբրև վերջին խոսք. ուզում եմ բոլորն էլ իմանան որ, Սարգիս Հացպանյանը վստահաբար դեռ վերադառնալու է հայրենիք։   Լիոն–Երևան, 1 հոկտեմբեր 2017 թ.