Բուհերը «էստի համեցեք» են կանչում. փոխնախարար

Արդյո՞ք հայաստանյան աշխատաշուկան հնարավորություն ունի  շրջանավարտների գոնե երեք տոկոսին ապահովել աշխատանքով: Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի պատասխանը բացասական է.

 «Իհարկե, ոչ: Բարձրագույն կրթության ոլորտում ունենք խայտառակ իրավիճակ: Այս կրթահամակարգը և իր բոլոր կարծրատիպերը ժառանգել ենք խորհրդային միությունից,  փորձել ենք ադապտացնել  եվրոպական ինչ-որ գործընթացների. չի հաջողվում»:

Արսեն Քարամյանի պնդմամբ՝ Հայաստանում բոլորը տառապում են բարձրագույն կրթություն ստանալու մոլուցքով: «Բուհերի դռները բաց են բոլորի համար, էստի համեցեք են կանչում, քանի որ երիտասարդը պոտենցիալ դրամատու է իրենց համար: Բուհերը ծանրաբեռնված են նաև սոցիալական գործառույթով, իրենք պարտավոր են աշխատավարձ վճարել, դրա համար հայտարարում են՝ իբր կրթությունը պետք է լինի մատչելի: Ոչ, կրթությունը պետք է լինի թանկ ու որակյալ, և այդ կրթությունը բոլորի համար չպետք է լինի», – նշեց փոխնախարարը: Ըստ նրա՝ այսօր Հայաստանում կրթությունը միջազգային չափանիշներով խայտառակ էժան է.  «Ինչպե՞ս եք պատկերացնում՝ էժան կոշիկը կարո՞ղ է լավը լինել՝ իհարկե, ոչ»:   

Երիտասարդությանն առնչվող տարբեր հիմնահարցերին անդրադառնալուց հետո  Ռուսաստանի  հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի կազմակերպած քննարկման ընթացքում բարձրացվեց երիտասարդության մասին օրենք ունենալու խնդիրը: Այս առումով Արսեն Քարամյանը բացասական դիրքորոշում արտահայտեց. «Այդ հարցն իրականում կեղծ օրակարգ է, ժամանակին այն շրջանառության մեջ դրեց  «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն այն ժամանակ խիստ ընդդիմադիր էր ու ինտրիգայի խնդիր ուներ: Այն ժամանակավա կառավարությունը Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ նպատակահարմար չգտավ օրենքի ընդունումը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կողմ էր այդ դիրքորոշմանը: Ցանկացած օրենք խնդիր լուծելու նպատակ ունի, մինչդեռ այս օրենքով որևէ խնդիր չի լուծվում»:

Ըստ փոխնախարարի՝ երիտասարդությանը վերաբերող բոլոր հարցերը կարգավորվում են մի քանի այլ ուղենիշային փաստաթղթերով, մասնավորապես, երիտասարդական պետական քաղաքականության հայեցակարգով և ռազմավարությունով:

Սպորտի և երիտասարդության փոխնախարարն անդրադարձավ նաև ամուսնական տարիքի բարձրացման խնդրին՝ փաստելով, որ եթե նախկինում այն 24-25 տարեկանն էր,  հիմա դարձել է 29-30: Երիտասարդների դիտարկմանը, թե խնդիրն ունի սոցիալական բնույթ, շատերը հույս չունեն, որ կարող են ընտանիք պահել, փոխնախարարը չհամաձայնեց. «Մարդիկ չեն ուզում ամուսնանալ, ժամանակից շուտ իրենց ծանրաբեռնել կենցաղով, երիտասարդն այսօր ուզում է ավելի թեթև ապրել, հասկանում է, որ ընտանիք կազմելը պատասխանատվություն է, պարտավոր է լուծել սոցիալական բազմաթիվ խնդիրներ»: Այնուհետև խոսեց իր անձնական փորձի մասին՝ նշելով, թե ամուսնացել է, երբ աշխատավարձը 18 հազար դրամ է եղել, ինքն էլ՝ վարձով ապրելիս: