Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փոխնախարարը չի մեկնաբանում Գագիկ Ծառուկյան-ՍամվելԿարապետյան հակամարտությունը

Քաղաքականություն
Arsen-Karamyan

«Ես տեղյակ չեմ ոչ նախարարի ասուլիսի ընթացքում հնչեցված հայտարարությունից, ոչ էլ Կարեն Կարապետյանի գրասենյակի պատասխանից», -«Ա1+»-ի հարցին ի պատասխան նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հայտարարությանն ու դրա արձագանքին: Իր ամփոփիչ ասուլիսում նախարարը հայտարարել էր, որ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ,  ռուսաստանաբնակ գործարար ՍամվելԿարապետյանը, որը մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել մարզաձին, ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Նախարարի այս հայտարարությանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, հետևեց ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի արձագանքը, որում մասնավորապես նշվում էր.  «Սպորտի նախարարը չափազանց փոքր մարդ է, որպեսզի իրեն թույլ տա գնահատական տալ Սամվել Կարապետյանի գործունեությանը: Ընդամենը խորհուրդ կտանք նրան՝ իր գործով զբաղվել և իր ղեկավարած կառույցի ձախողումների համար պատճառներ չփնտրել: Լավ, սպորտի նախարարությունը կամ հենց նախարարն ինչի համար են, եթե ուրիշները պիտի փրկեն այս կամ այն սպորտաձևը»: Չմեկնաբանելով Կարեն Կարապետյանի գրասենյակի արձագանքը՝ Արսեն Քարամյանը նշեց. «Ես այլ բան կասեմ, մեկս մյուսի նկատմամբ հանդուրժող ու իրար սիրող պետք է լինենք»: