Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քրդերն այսօր Թուրքիայում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը. ԱՀՀ

Քաղաքականություն
index7

Ամերիկայի hայկական hամագումարը (Համագումար) ողջունում է Իրաքյան Քուրդստանի անկախության հանրաքվեի կայացումը և դրա արդյունքները, ըստ որոնց ժողովուրդը քվեարկել է հյուսիսային Իրաքի երեք նահանգների՝ ինքնիշխան Իրաքյան Քուրդստանի մաս դառնալու համար: Սեպտեմբերի 25-ին CNN-ը և այլ լրատվական ծառայություններ հաղորդում են, որ «առաջին արդյունքները պետք է հայտնի լինեն 72 ժամվա ընթացքում: Քրդական ընտրությունների պատասխանատուները նշել են, որ ընտրողների 72% -ը քվեարկել է հանրաքվեում: Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը, որ ղեկավարում է Հյուսիսային Իրաքի կիսաինքնավար մարզ, նշում է, որ հանրաքվեն վերջինիս Իրաքից անկախանություն ձեռք բերելու մանդատ կտա»:  «Իրաքը սերնդեսերունդ քայքայված է պատերազմներից, և Իրաքյան Քուրդստանի ժողովրդի ազատ կամքի այս խաղաղ դրսևորումը պետք է հարգվի որպես մարդու հիմնարար իրավունք՝ օգնելու ավելի լավ ապագա կերտել քրդերի և տարածաշրջանի մյուս բոլոր խմբերի, այդ թվում՝ քրիստոնյա ու այլ փոքրամասնությունների համար», - հայտարարել են Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը: «Ժողովրդական կամքի նման դրսևորումը պահանջում է, որ հարգենք այս գործընթացը, և ժողովրդավարությունները պետք է աջակցեն ինքնորոշման խաղաղ կամարտահայտություններին, որոնք համահունչ են համընդհանուր մարդու իրավունքներին Իրաքյան Քուրդստանում և նմանօրինակ դեպքերում»: Քուրդ ժողովուրդը տարիների ընթացքում Իրաքի իր տարածքում բնակվող հայերին լավ է վերաբերվել: «Քուրդիստանում մենք սակավաթիվ ենք, բայց փառք Աստծո, մեր իրավունքները մեծամասամբ տրված են մեզ», - Rudaw լրատվականին է հայտնել Դուհոք նահանգային խորհրդի հայ անդամ Իշխան Միլքոն, «Մենք և՛ Քուրդստանի խորհրդարանում տեղ ունենք, և՛ Դուհոքի նահանգային խորհրդում»: Շատ հայեր հանգրվանել են հյուսիսային Իրաքում` 1915թ. Հայոց ցեղասպանության տեղահանությունների հետևանքով: Չնայած քրդական որոշ համայնքներ շահագործվում և խրախուսվում էին Օսմանյան կայսրության վարչակարգի կողմից` հայերի քարավանների վրա հարձակվել, շատ քրդեր հրաժարվել են և փոխարենը փրկել են նրանց մահվանից: Քուրդ պաշտոնյաները նաև Հայոց ցեղասպանության կապակցությամբ ցավակցական հայտարարություններ են հրապարակել: Քրիսթոֆեր Հիթչենսը Slate-ում հրապարաված հոդվածում գրել էր. «1991թ. Հյուսիսային Իրաքում, որտեղ դեռևս կարող էիք Քուրդստանի՝գազերով լցված ու թունավորված քաղաքներ և գյուղեր տեսնել և զգալ դրանց հոտը, լսեցի, թե ինչպես Քուրդստանի հայրենասիրական միությունից Ջալալ Թալաբանին ասում էր, որ քրդերը պետք է ներողություն խնդրեն հայերից այն դերակատարության համար, որ խաղացել են Ցեղասպանության ժամանակ որպես Օսմանյան կայսրության հրոսակներ: Թալաբանին, ով բազմիցս կրկնել է այդ հայտարարությունը, այժմ [2007թ.] Իրաքի նախագահն է: Հիթչենսը շարունակում էր նշելով. «Նրա ինքնաբուխ հայտարարություննինքնին ապացույց կհամարեի. ի դեպ, հպարտ ժողովուրդներն ընդհանրապես չեն առաջարկում ներողություն խնդրել զազրելի հանցագործությունների համար, որոնք իրականում իրենք չեն կատարել»: Մի քանի տարի անց, 1997թ. Քուրդիստանի արտաքսված խորհրդարանի գործադիր հանձնաժողովի նախագահ Զուբեյիր Այդարը հայտարարել է. «1915թ. ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունը հայ և ասորի ժողովուրդների կոտորածի որոշում կայացրեց: Այս կոտորածի համար նախապես էր հող պատրաստվել: Համիդյան հեծելազորում ընդգրկված քրդական ցեղերը մասնակցել են հայերի կոտորածին: Հարյուր հազարավոր հայեր ու ասորիներ են կոտորվել, և նույնքան էլ ստիպված են եղել գաղթել այդ կոտորածի ժամանակ»: Նա հավելել էր. «Այսօր ցանկանում ենք կիսել մեր ժողովուրդների ցավն ու տառապանքը և խստորեն դատապարտել թուրքական պետության ու նրա հետ համագործակցող ցանկացած ուժի»: 2007թ. Իրաքյան Քուրդստանի նախագահ Մասսուդ Բարզանին հրատարակեց իր հոր հուշերը՝ Հայոց ցեղասպանության և հայերի զանգվածային տեղահանության մասին: Նրա հայրն իր հուշագրերում նկարագրել է, թե ինչպես է իր ջոկն օգնում հայերին և նրանց ուղեկցում դեպի Սիրիայի սահման, մինչ նրանց դիմադրում էին թուրքական ուժերը, և ի վերջո զոհեր ունեցան: Քրդերն այսօր Թուրքիայում ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, հարգանքի տուրք են մատուցում զոհերին և հաճախ կոչ են անում Թուրքիայի կառավարությանը ներողություն խնդրել հայ ժողովրդից: Քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարել է, որ «Միանշանակ ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը»: Նա ավելացրել է. «Միայն այն պատճառով, որ որոշ մարդիկ պարտակել են նման ողբերգական պատմական դեպքը, ասելով, որ «[Օսմանյան կայսրության և Թուրքիայի] պաշտոնական պատմությունն այդպիսին չէ», չեմխոնարհվում դրա առջև: Պետք է ընդունել այն, ինչ տեղի է ունեցել»: Մարդու իրավունքների ուժեղ պաշտպաններ լինելուց և ցեղասպանության դեմ պայքարելուց զատ տարածաշրջանի քուրդ ժողովուրդը պատվար է եղել ԻԼԻՊ-ի դեմ և հանձն է առել պաշտպանել փոքրամասնություններին: Ի դեմս քրդերի կողմից ղեկավարվող Սիրիական ժողովրդավարական ուժերի (SDF), ովքեր Քրդական ժողովուրդների պաշտպանական միավորներից (YPG) են, Միացյալ Նահանգները տեսնում է իր ամենագործուն ռազմական գործընկերոջ և ընդդեմ ԻԼԻՊ-ի հիմնական դաշնակցի՝ Սիրիայում ու Իրաքում: Ըստ Պենտագոնի գլխավոր խոսնակ Դեյնա Ուայթի՝ նրանք «երկրի վրա միակ ուժն են, որ կարող է հաջողությամբ գրավել Ռաքքան մոտ ապագայում»:  Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, անկուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով հարկերից ազատված անդամակցական կազմակերպություն է: