Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արվեստի նմուշներ, երգ ու Թանկյանի կիթառը՝ Օրրանի 5-րդ բարեգործական ընթրիքին

Հասարակություն
Orran2

Հոկտեմբերի 1-ին տեղի կունենա Օրրանի ամենամյա 5-րդ բարեգործական ընթրիքը՝ Գլենդեյլ քաղաքի «Վերտիգո» սրահում: Միջոցառման ընթացքում հանդես կգան Հեյբերդ Լեո Սարյանը, որն առաջին անգամ կկատարի Օրրանին նվիրված իր երգը և «ԴԵՄՔ» կեղծանվամբ նկարիչը, որը տեղում կտավի վրա կփոխանցի իր ստեղծագործությունը: Հյուրերից խոսքով կներկայանան Անժելա Թանկյանը, Անի և Ջոզեֆ Հովհաննիսյանները և Անի Գևորգյան Հովհաննիսյանը, որոնք կպատմեն Օրրանում ունեցած իրենց փորձի մասին: Ընթրիքի վարողն է լինելու Մայքլ Քեյը: Միջոցառումը նաև նախատեսում է կենդանի աճուրդ, որը կվարի ակնառու փաստաբան Գարո Մարդիրոսյանը: Աճուրդի նմուշների շարքում են Սերժ Թանկյանի անձնական գիթառը, որով նա հանդես է եկել վերջին շրջագայությանը՝ սկսած Ցյուրիխից, մինչև Մոսկվա, և որի վրա առկա են «SOAD»-ի բոլոր անդամների ստորագրությունները, Ջոն Դոլմայանի կողմից պատկերազարդված երաժշտական ափսեն, Շավո Օդադջյանի կողմից նվիրված արծաթե վզնոցը: Ռոք խմբի վերոնշյալ երեք անդամներն իրենց տիկնանց հետ ներկա են գտնվելու աճուրդին: Բարեգործական աճուրդին կխաղարկվեն նաև հանրաճանաչ արվեստագետներ Վերա Արությունյանի, Արև Պետրոսյանի և երջանկահիշատակ Ռոստոմ Ոսկանյանի արվեստի գործերը, ինչպես նաև՝ Օրրանի երեխաների կողմից պատրաստված աշխատանքները: Աճուրդի ամենաթանկարժեք նմուշներից մեկն է լինելու «Բեթմեն՝ Սև Ասպետը» ջրաներկով նկարը, որի հեղինակն է Ջիմ Լին: Ջիմը արվեստի այս նմուշը նվիրաբերել է այն հույսով, որ հնարավոր կլինի զգալի գումար հանգանակել՝ կարիքավոր երեխաներին օգնելու համար: Հյուրերը հնարավորություն կունենան նաև աճուրդին գնելու այցելություն Մեծ Բրիտանիա, որտեղ նրանք կհյուրնկալվեն Գրիգոր և Աննա Գրիգորյանների մոտ: Երեկոն կավարտվի բազմաթիվ կենացներով՝ համեմված Երևանի կոնյակի գործարանի կողմից նվիրաբերված Արարատ կոնյակով: orran1 Օրրան-ԱՄՆ տնօրենների խորհրդի նախագահ Հերմինե Օրունճագճիէլը նշում է. «Հանձնաժողովի անդամները քրտնաջան աշխատանք են տարել, որպեսզի երեկոն հյուրերի համար լինի հիշարժան և տպավորիչ: Մենք պետք է ամենինչ անենք, որպեսզի Օրրանը կարողանա շարունակել իր առաքելության իրականացումը՝ ամեն օր օգնելով 450 երեխայի և տարեցի, որոնք գտնվում են ծայրահեղ կարիքի մեջ»: Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2000թ.-ին Րաֆֆի և Արմինե Հովհաննիսյանների կողմից՝ կարիքավոր ընտանիքներին օգնելու առաքելությամբ: Օրրանը ամենօրյա սնունդ է տրամադրում տարեցներին: Երեխաներն օգտվում են սննդի, բժշկական, սոցիալական, հոգեբանական և կրթական ծառայություններից: Նրանք նաև Օրրանում հաճախում են փայտագործության, կարի, ասեղնագործության և կավագործության խմբակներ: Գործում են նաև համակարգչի և մաթեմաթիկայի խմբակներ: Օրրանի մասին մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել www.orran.am կայք: Գլենդեյլ, ԱՄՆ