Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀԿ տվյալներով՝ տղամարդը գնալով դառնում է անպտուղ

Հասարակություն
bzh

Հայաստանում ու ամբողջ աշխարհում ժամանակակից առողջական ամենակարևոր խնդիրներից մեկը անպտղությունն է: Անպտղության թիվը մեծացել է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Այս հարցի շուրջ «Ա 1 +»-ը զրուցել է ուրոլոգ, urolog.am կայքի վարող-հեղինակ Ռաֆֆի Ջանեցյանի հետ: «Տղամարդու անպտղությունը ամենամեծ խնդիրներից է եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա:Անպտղության 25 տոկոսը լինում է անհայտ ծագման: Համեմատականներ տանելով՝ երևում է, որ հիմա այդ խնդիրն ավելի է մեծացել, որն էլ պայմանավորված է մի շարք գործոններով: Ես միշտ խորհուրդ եմ տալիս, որ մինչ ամուսնությունը տղամարդն ու կինը դիմեն համապատասխան բժշկի: Սակայն շատ դեպքերում տղամարդիկ հրաժարվում են դիմել, մինչև որ խնդիրն ավելի է մեծանում»: Ռաֆֆի Ջանեցյանը թվարկեց այն բոլոր պատճառները, որոնք կարող են դառնալ տղամարդու անպտղության պատճառ: «Հիմա ամենատարածված պատճառներից մեկը ծխածոտն է, որն առաջացնում է անպտղություն:Թմրամիջոցները, սեռավարակները, վիտամինային անբավարարությունն ու հորմոնային խնդիրները նույնպես առաջացնում են անպտղություն:Անպտղության գործոններից են նաև ծանր ֆիզիկական աշխատանքը, սթրեսներն ու ժառանգական խնդիրները: Այս բոլորի հայտնաբերման համար պետք է ստուգվել, որից հետո բուժվել»: Անպտղության պատճառ, ըստ բժշկի, կարող են լինել նաև բնածին հորմոնալ խնդիրներն ու մակերիկամների հիվանդությունները. «Հիմա կան տվյալներ, որ նեղ հագուստը նույնպես պատճառ է: Սա գիտականորեն ապացուցված չէ, սակայն չի կարելի բացառել, որ նեղ հագուստը նույնպես կարող է տանել դեպի այդ խնդիրը: Պատանեկան տարիքի գիրությունը նույնպես կարող է բացասական ազդեցություն ունենալ: Սրանց հետ մեկտեղ կարելի է նշել նաև դարաշրջանի ամենակարևոր խնդիրները՝ սննդի որակը, սննդակարգն ու շարժողականության պակասը, որոնք  ունեն մեծ ազդեցություն և կարող են առաջացնել անպտղության: Պետք է վարել առողջ ու ակտիվ կյանք: Զերծ մնալ այդ պատճառներից, հետևել սննդակարգին, չծխել ու հեռու մնալ սեռավարակներից: Անպտղությունից խուսափել կարելի է միայն դրանց հետևելով»: Մասնագետն ընդգծեց, որ հետևելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալներին՝ երևում է, որ տղամարդն աշխարհում գնալով դառնում է անպտուղ: