Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռադիոակտիվ թափոնների կառավարումը պետք է դառնա քննարկման առարկա. ՀԿ-ների նամակը

Տնտեսություն
13

Էկոլուր «ԷկոԼուր», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Հույսի Մեծամոր», «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ները նամակ են ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների (ԷԵԲՊ) նախարար Աշոտ Մանուկյանին` ներկայացնելով շահագրգիռ հասարակության և տեղի բնակչության առաջարկությունները «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ:  Նամակում ասված է. «ՀՀ կառավարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Օգոստոսի 22-ին շահագրգիռ հասարակությունը նախագծի վերաբերյալ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում հանդիպում անցկացրեց, որին մասնակցեցին Արամվիր, Մեծամոր քաղաքների, Տանձուտ, Ալաշկերտ, Փշատավան համայնքների ակտիվ բնակիչները, «ԷկոԼուր», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Հույսի Մեծամոր», «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ների ներկայացուցիչները: Հանդիպման ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» կառավարության արձանագրային որոշման նախագիծը և մշակվեցին առաջարկություններ նախագծի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ առաջարկություննեը հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակում: Հաշվի առնելով ռադիոակտիվ թափնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման անվտանգության անհրաժեշտությունը, բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա ՀԱԷԿ-ի ազդեցության հնարավոր ռիսկերը, ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում խիտ բնակեցվածությունը, առաջարկվում է. 1. Ապահովել շահագրգիռ հասարակության և ՀԱԷԿ-ից 10 կիլոմետր շառավիղով հեռավորության վրա գտնվող համայնքների բնակչության մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության հանրային լսումներին` ապահովելու վստահության անհրաժեշտ մակարդակ և կառուցողական երկխոսություն: 2. Բոլոր այն համայնքները, որոնք գտնվում են ՀԱԷԿ-ից 10 կմ շառավղով հեռավորության վրա, ճանաչել և հաստատել որպես ազդակիր համայնքներ: 3. Հատուկ կետով ներառել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության մեջ հանրային լսումների արդյունքները` ստացված կատարված միջոցառումների յուրաքանչյուր փուլում: 4. Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի թաղման համար հարթակի որոնման գործընթացում որոշել չափորոշիչներ` ապահովելու երկրաբանական պաշտպանիչ կոմպոնենտ, ինչպես նաև անվտանգության չափորոշիչներ` հաշվի առնելով առկա ռիսկերը` երկրաշարժ, սողանք, ստորգետնյա և վերգետնյա ջրեր, դրենաժ և այլ գործոններ, որոնք ազդում են տվյալ երկրաբանամորֆոլոգիական միջավայրի վրա: 5. Ներկայացնել ջրով ապահովման համար պահանջարկի գնահատականը աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման համար: ՀԱԷԿ-ի աշխատանքի և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար տալ ջրային ռեսուրսների` Մեծամոր գետի, ջրային հորերի կայուն օգտագործման գնահատական, որոշել ջրի մատակարարման պոտենցիալ հնարավոր նոր աղբյուրներ: 6. Չափորոշիչների և գնահատականների հիման վրա մշակել և ընդունել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար անվտանգության պահանջների գնահատում և մեթոդաբանություն` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության համար: 7. Անցկացնել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարության նախատեսված միջոցառումների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն: 8. Անցկացնել հանրային լսումներ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության խնդրի վերաբերյալ, որի գործողության ժամկետը կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև 2026թ., և ներկայացնել այն երկրների փորձը, որտեղ գործում են հին ռեակտորների ժամկետի երկարացման ծրագրեր: 9. Ապահովել քննարկվող թեմաների, պլանների, միջոցառումների թափանցիկությունը: 10. ՀԱԷԿ-ում, ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի գերեզմանոցում, ՀԱԷԿ-ի և գերեզմանոցի հարակից 10 կմ շառավղով տարածքներում ռադիոակտիվ ֆոնի որոշման համար իրականացնել, օդի, հողի, ջրի, բույսերի ամենօրյա մշտադիտարկումներ և արդյունքները ամեն օր հրապարակել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում: 11. ՀԱԷԿ-ի ազդակիր համայնքներում իրականացնել հնարավոր վթարներից պաշտպանվելու դասընթացներ, բնակիչներին բաժանել տեղեկատվական թերթիկներ, անհրաժեշտ պարագաներ, վթարներից պաշտպանվելու քայլերը հրապարակել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքերում` երևացող հատվածներում կամ հեշտ գտնվող ենթաբաժնում»:

 Սեպտեմբեր 01, 2017