Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հայ մայրերը չեն ցանկանում երեխա ունենալ». պրոռեկտորը՝ ուսանողների թվի պակասի մասին

Հասարակություն
gyuxakad

Վերջին 10 տարիներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանը օգնում է շրջանավարտներին ընտրել իրենց համապատասխան մասնագիտություն: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում խոսեց համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի տնօրեն, պրոռեկտոր Սմբատ Դավեյանը: «Ամեն տարի 2 անգամ մոտ 100 դասախոսներ ուղևորվում են Հայաստանի միջնակարգ ու ավագ դպրոցները և ներկայացնում են աշակերտներին Ագրարային համալսարանը: Նրանք ներկայացնում են մասնագիտությունները,  համակարգը, արտոնություններն ու մասնագիտությունների կարևորությունը: Դրանից զատ, մենք ամեն տարի Երևանամերձ շրջանների դպրոցների երեխաներին բերում ենք համալսարան, և այստեղ նրանք ծանոթանում են կրթական համակարգին, վարձավճարներին և այդպիսով մենք օգնում ենք շրջանավարտներին ընտրել իրենց համար համապատասխան մասնագիտություն: Այդ միջոցառումներն իրականացվում են բացառապես համալսարանի հաշվին: Արդյունքում ստացվում է այն, որ այցելած յուրաքանչյուր դպրոցից մեզ մոտ դիմում է 7 շրջանավարտ»: Պրոռեկտորը ընդգծեց, որ համալսարանի մասնագիտությունները մոդայիկ չեն, սակայն  երկրի համար շատ կարևոր են. «Ակնհայտ երևում է, որ վերջին տարիներին մեր կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ագրարային ոլորտին և դրանով է պայմանավորված, որ 3 տարի առաջ կառավարության որոշմամբ մեր համալսարանին տրվեցին մի շարք արտոնություններ: Հիմա շրջանավարտները կարող են միայն մեկ միասնական քննությունով ընդունվել անվճար համակարգ ու դրա հետ մեկտեղ կարող են ատեստատի գնահատականով ընդունվել մեզ մոտ: Կառավարությունը նախ փորձում է բարձրացնել դպրոցի գնահատականի դերն ու կարևորությունը, դրանից զատ փորձարկում է այն ծրագիրը, որը գործում է Եվրոպայում և ԱՄՆ-ում: Եվրոպական բուհերում ընդունվում  են առանց քննություն հանձնելու: Կարծում եմ, որ Հայաստանում նույնպես պետք է այդպես լինի: Մենք պետք է հեշտացնենք բուհ մտնելու մուտքը, բայց փոխարենը դժվարացնենք ելքը»: Այս տարվա ընդունելության ցածր ցուցանիշներին անդրադառնալով՝ Ս.Դավեյանը նշում է. «Այս տարի մենք ունեցել ենք 1342 տեղ, ընդունվել է 713 ուսանող և թափուր է մնացել 629 տեղ: Թափուր տեղերը չեն լրացվելու, բայց ունենալու են բացասական ազդեցություն համալսարանի վրա: Բոլոր համալսարաններ ունեն ռազմավարական պլանի գործընթաց, և այդ գործընթացն իրականացվում է բնականաբար ֆինանսական միջոցներով, որի զգալի մասը ստանում ենք ուսման վարձերից: Պետք է այնպես աշխատենք, որ ապահովենք մեր բավարար ֆինանսական միջոցները: Ցածր ցուցանիշը կապված է շրջանավարտների թվի պակասի հետ, որն էլ պայմանավորված է բնակչության տեղաշարժի հետ: Իմ կարծիքով՝ ամենակարևոր ու մեծ գործոնը ծնելիությունն է:Այսօր հայ մայրերը չեն ցանկանում երեխա ունենալ:Սա  ամենակարևոր խնդիրն է, որ ունի հոգեբանական պատճառ»: Հիշեցնենք, որ այս տարի հայաստանյան բուհեր ընդունվել է 1300-ով պակաս ուսանող, քան անցած տարի: