Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը մերժում է միանալ նաև միջազգային փաստաթղթերին. Էդվարդ Նալբանդյան

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nal

Ադրբեջանը փորձում է շարունակել թոզ փչել միջազգային հանրության աչքերին. այսօր Երևանում Բոսնիա և Հերցոգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ համատեղ ասուլիսում  հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Մասնավորապես անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե իրենք  պատրաստ են սուբստանտիվ բանակցությունների՝ եռանախագահողների առաջարկների հիման վրա,   եթե Հայաստանն ընդունի դրանք՝ Նալբանդյանն ասում է. «Պատրաստ են սուբստանտիվ, այսինքն՝  բովանդակային, առարկայական բանակցությունների: Ի՞նչ է,  վերջին 10 տարվա ընթացքում նախագահների մակարդակով՝ 20, արտգործնախարարների մակարդակով՝ 4 տասնյակից ավելի, բազմաթիվ հանդիպումները եռանախագահների հետ եղել են բովանդակությունից զո՞ւրկ։ Փաստորեն, ըստ Ադրբեջանի, այդպես է ստացվում»։ ԱԳ նախարարը հավելում է, որ եթե Ադրբեջանն իսկապես ընդունում է եռանախագահների առաջարկներն ու պատրաստ է այդ առաջարկների հիման վրա գնալ կարգավորման, ապա պետք է հաստատի եւ գործնականում ապացուցի, որ կողմ է գնալ հիմնախնդրի կարգավորմանը այն սկզբունքներով, որոնք առաջարկել են եռանախագահները. «Բազմիցս է ասվել այդ երեք սկզբունքների մասին. ուժի եւ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշման իրավունք: Հայաստանը համամիտ է, իսկ Ադրբեջանը փաստորեն մերժում է եւ անգամ մերժում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որտեղ անգամ հղում կա կամ հիշատակվում է այդ երեք սկզբունքներին»: Ըստ Էդվարդ Նալբանդյանի, որեւէ բան Ադրբեջանի գործողություններում չի փոխվել. «Ադրբեջանը փորձում է դեմքի լավ արտահայտություն անել վատ խաղի ժամանակ, ինչը իր մոտ չի ստացվում: Հայաստանը շարունակելու է ջանքեր ուղղել հարցի խաղաղ կարգավորմանը, Ադրբեջանը, եթե ցանկանում է, կարող է միանալ»: