Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսաստանն Ադրբեջանին գերադասում է Հայաստանից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Daniel-Ioannisyan-nkar

Ռուսաստանը չի դադարում զինել Ադրբեջանին ու լինել նրան զենք մատակարարող թիվ մեկ պետությունը։ The Military Balance Ռազմավարական հետազոտությունների Միջազգային ինստիտուտի տվյալներով՝ միայն 2016 թվականին Մոսկվան Բաքվի  ռազմական արսենալը համալրել է 12 «Սոնցեպյոկ» համազարկային կայանքով։ 2015-ի 6 «Սոնցեպյոկ»-ի փոխարեն, Ադրբեջանն անցած տարի հայտարարագրել է 18-ը։ «Սոնցեպյոկ» կայանքներ Ադրբեջանն Արցախի դեմ կիրառեց ապրիլյան պատերազմի ժամանակ՝ Թալիշի ուղղությամբ։ Հայկական կողմը հատկապես ռուսական այս զենքից է մեծաթիվ կորուստներ ունեցել։  «Սոնցեպյոկներից մեկը մեր ստորաբաժանումները կարողացել են շարքից հանել։  Սոնցեպյոկերը, դրանք զրահապատ համազարկային հրանետներ են, որոնց արգելումն օրակարգում է, որպես հակամարդկային զենք։ հետևակին կենդանի այրելու համար նախատեսված հրթիռներ են, մարդկանց կենդանի այրում են»,- «Ա1+»-ի զրույցում ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։ Հայկական կողմին Թալիշում հաջողվել էր վերացնել Ադրբեջանի «Սոնցեպյոկ» համակարգերից մեկը։ Նաև դա հաշվի առնելով, Ռուսաստանն արդեն Ադրբեջանին վաճառում է այնպիսի «Սոնցեպյոկ» համակարգեր, որոնք պակաս տեսանելի կլինեն հայկական կողմին։ «Մատակարարված նոր հրթիռների միջոցով իրենք կկարողանան ավելի հեռվից կրակել հայկական դիրքերի վրա ու մնալ հայկական հակատանկային միջոցների հասանելիության տիրույթներից դուրս»,- ասում է Դանիել Իոաննիսյանը։ Վերջերս պաշտոնական Բաքուն հրապարակեց ռուսական «Խրիզանտեմա Մ» հակատանկային միջոցի նոր խմբաքանակի՝ Բաքու հասնելու մասին տեսանյութ։ Դանիել Իոաննիսյանը հիշեցնում է՝ հարձակվողական զինատեսակներ արտադրող առաջատարներ ԱՄՆ-ն, Եվրոպան ու Ճապոնիան վաղուց հրաժարվել են Բաքվին զենքի վաճառքից. «Հարձակվողական սպառազինության 85%-ը Ադրբեջանը Ռուսաստանից է գնում։ Եթե Ռուսաստանը չվաճառեր, Ադրբեջանը շատ լուրջ խնդիրներ կունենար զինվելու հետ կապված։  Ռուսաստանը զինում է այնպիսի զինատեսակներով, որ եթե ինքը չզինի, ուրիշ ոչ մեկ չի զինի»։ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմական նույն միավորի՝ ՀԱՊԿ-ի անդամներ են, իսկ Ադրբեջանն այդ միավորում չկա։ Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին պարբերաբար քննադատվում է նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։ Տողատակն այն է, որ Ռուսաստանն իրեն դաշնակցի պես չի պահում։ Ըստ Իոաննիսյանի՝ քննադատության չի դիմանում պաշտոնական Մոկվայի պարզաբանումը, թե Ադրբեջանին զենք է վաճառում՝ տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը պահելու նպատակով. «Ի՞նչ բալանսի մասին խոսք կարող է գնալ, եթե Ռուսաստանն Ադրբեջանին մատակարարել է 100 հատ Տ 90 տանկ, իսկ մեզ, որ 1 հատ Տ 90 պետք է մատակարարեր, սպասեցնում է երկու տարի»։ Ադրբեջանին զինելուն զուգահեռ, Ռուսաստանն ուշացնում է Հայաստանին զենքի մատակարարումը։ Երկու տարի առաջ Մոսկվան ու Երևանը կնքել են 200 մլն դոլարի զենքի վարկի պայմանագիր։ Այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ ռուսական զենքի 20%-ն անգամ չի եկել Հայաստան։ Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Հայաստանն ինքն է սահմանափակել այլ պետություններից զենք գնելու իր հնարավորությունները։ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո արհեստականորեն թանկացավ ոչ Ռուսաստանից բերվող զենքի գինը։ «Ինչ զենք էլ բերենք, պետք է մաքսազերծենք, իսկ մաքսատուրքերը հիմնականում 18-ից 20% են: Խնդիրն այն է, որ այդ մաքսատուրքերը մեր բյուջե չեն մտնում։ Դրանք գնում են ԵՏՄ ընդհանուր բյուջե, որի 1%-ն է մերը։ Մենք պետք է Ռուսաստանին, Ղազախստանին, Ղըրղըզստանին ու Բելառուսին մուծվենք, եթե ուզենանք դրսից զենք բերել»։ Դանիել Իոաննիսյանը կասկածելի է համարում Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության պարզաբանումները, թե ի տարբերություն Ադրբեջանի, մեր պետությունը Ռուսաստանից զենք է ձեռք բերում նրա ներքին գներով՝ այսինքն ավելի էժան։ Այդպես ասվում էր նաև գազի դեպքում, բայց իրականում Հայաստանը Ռուսաստանից գազ ներկրում է երեք անգամ թանկ գնով, քան նրա ներքին գինն է։ Տեսանյութը՝ քիչ ուշ