Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկում է բարության փառատոնը (տեսանյութ)

Մշակույթ
fresco111111

«Ֆրեսկոն» բյուջետային փառատոն չէ, և սա կարևոր է բարձրաձայնել: Մեր բյուջեն կազմում է ընդամենը 3.5 միլիոն դրամ»,- ասում է «Ֆրեսկո» կինոփառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն: Փառատոնն առայժմ կարողանում են կազմակերպել կամավորների շնորհիվ, որոնք համախմբվում են գաղափարի շուրջ: Վահան Արծրունու խոսքով՝ այս փառատոնը հոգևոր արժեքները լավ իմաստով քարոզող բացառիկ օրինակ է: Փառատոնի գեղարվեստական տնօրեն Աննա Կարապետյանը ասում է. «Շատերի մոտ տպավորություն է, որ  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը քրիստոնեական ուղղվածություն ունի, որ սա կրոնական ֆիլմերի  ցուցադրություն է: Հոգևորը շատ ավելի լայն իմաստ ունի: Խոսքը հոգևոր արժեքների մասին է, և որևէ  կրոնական խտրականություն  չի դրվում: Ֆիլմերը ամենատարբեր խնդիրների մասին են՝ էկոհամակարգի, միգրացիայի, սոցիալական և թե ինչպես անհատների նախաձեռնությունները կարող են դեպի լավը փոխել աշխարհը»:  Իսրայելցի լուսանկարիչ Դմիտրի Բրիկմանի համար, որն ի դեպ վարպետության դասընթացներ պետք է անցկացնի Սանահինում, «Ֆրեսկոն» կինոփառատոն չէ, այն «բարության փառատոն է»: Արդեն 4-րդ անգամ անցկացվող այս փառատոնի ֆիլմացանկում ընդգրկված է 25 երկրներից ներկայացված 42 ժապավեն: 28 մրցութային և 14 արտամրցութային ֆիլմեր, որոնցից 8-ը՝ հայկական, իսկ «Հետադարձ հայացքը» կանդրադառնա ինքնատիպ կինովավերագրող  Արա Վահունու ֆիլմերի հետահայաց ցուցադրությանը: Ամենատարբեր փառատոնների ու բազմաթիվ մրցանակների արժանացած կանադացի հայտնի վավերագրող, 71-ամյա  Պասկալ Ժելինասը կներկայացնի իր «Կամուրջ երկու աշխարհների միջև» ֆիլմը: Համացանցից է իմացել «Ֆրեսկոյի» մասին և ցանկություն է հայտնել մասնակցելու: «Նման փառատոն անցկացնելը, մանավանդ նման հիասքանչ երկրում, հիանալի գաղափար է»-ասում է նա:  «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 4-րդ միջազգային փառատոնը կմեկնարկի այսօր և կշարունակվի մինչև սեպտեմբերի 3-ը: Բացի երևանյան ծրագրից, կիրականացվի վրանային կինոճամբար Հաղպատում, Սանահինում, Քոբայրում և Ախթալայում: Կկազմակերպվեն նաև բացօթյա համերգներ։