Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մասնագետը դեմ է Վենետիկի, Երուսաղեմի ու Մատենադարանի ձեռագրերի միավորմանը

Հասարակություն
matenadaran

Գերմանացի  զբոսաշրջիկը  նոր-նոր էր սկսել դիտել Մատենադարանի ցուցասրահը, երբ չզսպելով իր զգացմունքները  աշխատակցին ասաց. «Համաշխարհային պատմությունն ու ամեն ինչ սկսվել է Հայաստանից»: 1957 թվականին Մատենադարանի շենքի  բացումից հետո Խորհրդային երկրներից շատերն էին գալիս Հայաստան՝ տեսնելու այս բացառիկ թանգարանը, որն աշխարհում միակն է իր տեսակի մեջ: Այդ զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ էին կազմում նաև ռուս զբոսաշրջիկները: «Ա1 +»-ի հետ զրույցում Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը փաստեց, որ վերջին տարիներին ևս Մատենադարան այցելող զբոսաշրջիկների մեջ մեծ թիվ կազմում են հենց ռուսները: «Ի տարբերություն եվրոպացի զբոսաշրջիկների, ռուսները գալիս են ընտանիքներով, բարեկամներով: Եվրոպացիները գալիս են հիմնականում տուրիստական կազմակերպությունների հետ: Մեր մշտական այցելուները ռուսներն են, եվրոպական երկրների ժողովուրդները,  սլավոնները, իսկ վերջին տարիներին արդեն պարսիկներն ու Արաբական երկրների զբոսաշրջիկները»: Ա.Չարխչյանը հիշեցնում է Մատենադարանի բացառիկության մասին՝ ընդգծելով, որ նմանատիպ թանգարան աշխարհում գոյություն չունի: «Գրեթե բոլոր զբոսաշրջիկները Մատենադարան գալով մեծ զարմանք են ապրում, քանի որ աշխարհում ձեռագրերի թանգարան գոյություն չունի: Աշխարհի մի շարք համալսարաններում  կան ձեռագրական ժողովածուներ և այդ ժողովածուները պահվում են գրադարաններում, սակայն Մատենադարանն իր տեսակի մեջ միակն է»: aida Աիդա Չարխչյանը խոսեց նաև Վենետիկի ու Երուսաղեմի ձեռագրերի միավորման ու ապագա աշխատանքների մասին. «Երբեք չեմ ցանկանա, որ միավորվեն Վենետիկի, Երուսաղեմի ու Մատենադարանի ձեռագրերը մեկ վայրում: Մոտ 2 տասնամյակ առաջ, երբ Վենետիկում հրդեհ տեղի ունեցավ ու այրվեցին տպագիր գրքեր, այդ ժամանակ մենք օգնեցինք Վենետիկին ու Հայաստանից ուղարկեցինք այդ տպագիր գրքերից օրինակներ: Պատկերացնում եք, որ այդ բոլոր ձեռագրերը լինեն մեկ վայրում ու այրվեն: Արդյունքում կորուստը կլինի մեծ ու անդառնալի: Բացի այդ էլ Իտալիան ու Իսրայելը երբեք չեն ցանկանա, որ այդ պատմական հարստությունը իրենց երկրից դուրս տարվի: Հիմա ամենակարևոր խնդիրներից մեկը անհատների մոտ պահվող ձեռագրերի հարցն է: Այդ ձեռագրերը ավելի մեծ հավանականություն ունեն վաճառվելու կամ գողացվելու: Մենք ջանքեր չենք խնայում, որ կարողանանք այդ ձեռագրերը գնել կամ փրկել: Հիմա դա մեր ամենակարևոր խնդիրներից մեկն է»: