Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավելի լավ է մենք հանցանք չգործենք, որպեսզի ռեժիմը թուլացնենք. դատապարտյալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
DATAPARTYAL

«Մարդը պետք է իր կյանքը ապրի, հանցանք գործի, հետո ճանաչի իր մեղքը, հետո զղջա իր մեղքի համար, հետո աչքերը բացի ու Աստված ճանաչի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Կոշ» բանտի կալանավոր Սանասար Անինյանը։ Բանտում հայտնվելուց հետո Սանասար Անինյանը երկար ժամանակ է ունեցել մտածելու կատարած սխալների մասին։ «Ցասումի պահին մարդը պետք է տիրապետի միտքն ու ճակատագրական քայլից առաջ մի պահ մտածի»,- ասում է 50-ամյա Սանասարը։ Բանտում գտնվելու ընթացքում նա մտքերը հանձնել է թղթին՝ գրելով բանաստեղծություն. «Տիրապետի՛ր միտքդ, ով մարդ արարած, որ չմոլորվես փորձության պահին, ու չչարանաս, ու չգազազես քո կյանքի ճամփին, ինչպես պղտորված գետ մի վարարած, որը դուրս է գալիս իր սահմաններից ու փրփրոտում իր չարությունից արմատախիլ է անում ծառերը, ողողում դաշտեր, քշում տնակներ։ Տիրապետի՛ր միտքդ, ով մարդ արարած, պետք չէ նմանվել գետին վարարած, այլ համբերություն տուր քո կտրուկ մտքին և  դու նմանվիր խախանդ առվակին»։ Բանտային պայմաններից չի բողոքում։ Նրան ավելի շատ արդարադատական համակարգի ներկա վիճակն է անբավարար թվում։ Կոշի բանտում պահվող 40  դատապարտյալ վերջերս դիմել է Անկախ հանձնաժողով՝ վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։ Բավարարվել է միայն երկուսի հայտը, այն էլ այն դեպքում՝ երբ նրանց պատժի կրման ավարտին օրեր էին մնացել։  Սանասար Անինյանը մեկնաբանում է այս իրավիճակը.  «Ուղղակի իրենք էլ հասկանան, գիտակցեն, որ նժարի վրա մի ամբողջ ազգ է դրված։ Հայ ազգը խաղալիք չէ, որ դու նրա հետ խաղաս։ Դու պետք է հասկանաս քո անելիքները, հակառակ դեպքում պատմությունը դավաճան կճանաչի նրանց»։ Սանասարը բանտում է հայտնվել «Երրորդ մասի թալան» անունն ստացած գործով՝ 10 տարի առաջ։ Նախկինում էլի է դատապարտվել ազատազրկման, բայց իրեն դնում է կալանավորների այն խմբի մեջ, ովքեր անարդարության զոհ են դարձել։ Չեն գործում օրենքները, կամ գործածվում են մարդու դեմ, բայց հաղթահարելու ձևն ինքը գտել է։  «Պետք է համբերատար լինեմ, չթշնամանամ պետության հետ, չթշնամանամ դատավոր-դատախազների հետ, գիտակցեմ Աստծո դերն այս կյանքի մեջ։ Ափսոս է մեր ազգը, պետք է բարեփոխվել, պետք է քրիստոնեավայել ապրել։ Մեղքը որպես ռեսուրս չի կարելի օգտագործել պետական համակարգն աշխատեցնելու համար»։ Ասում է՝ մեղավոր են ոչ միայն բանտում գտնվողները, այլ նաև անմեղներին այստեղ ուղարկողները։ Մարդկանց, որոնք մի օր կհայտնվեն հանցանք գործելու եզրին, խորհուրդ  է տալիս. «Երբեք պետք չէ մեղք գործել, ու մեղմ պատժի հույսով հայացքն ուղղել արդարադատությանը, մի բան, որը բացակայում է»։ Սանասարն ասում է. «Ավելի լավ է մենք հանցանք չգործենք, որպեսզի ռեժիմը թուլացնենք, անգործության մատնենք, որպեսզի նրանք էլ կարողանան ժողովրդավարություն ստեղծեն, կրճատվեն դատավորները, ոստիկանները, դատախազները, հնարավորություն տանք նրանց ժողովրդի կյանքը բարելավելու»։ Ազատությունից Սանասար Անինյանին բաժանում է ընդամենը 5 ամիս։ Դրսում սպասում են կինը, երկու երեխաները։ Բանտում անցկացրած օրերը նրան մեկ բան են սովորեցրել՝ ապրել այնպես, որ բանտի ծանր դուռն այլևս հետևիցդ չփակվի։