Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավորին

Պաշտոնական
agn-lxh

Օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։ Արտաքին գործերի նախարարը ողջունել է Ռուբինա Բերարդոյի այցը Արցախ և հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Արցախի իրողություններին և երկրում տեղի ունեցող զարգացումներին։ Հանդիպման ընթացքում  Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Արցախի և տարբեր երկրների միջև  համագործակցության ընդլայնումը կարևոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը: ԱՀ ԱԳՆ