Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երաշտ է, իսկ ջրամբարում ջուր չկա

Քաղաքականություն
ignati-kar

Գյուղատնտեսական ժամանակակից միջոցներից օգտվելու համար ապրանք ներկրողների համար խրախուսական մեխանիզմներ  կներդրվեն: Վարչապետ Կարեն Կարապետյանը նման հանձնարարական տվեց՝ նշելով, որ գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման համար անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար կարող են առաջացնել լրացուցիչ ֆինանսական բեռ: Վարչապետը շեշտեց, որ  տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները, ուստի անհրաժեշտ է ժամանակավոր լուծում տալ այս հարցին: Կարեն Կարապետյանը հանձնարարեց նաեւ մշակել մեխանիզմներ՝ աջակցելու տեղական արտադրողին՝ խնդիրը մեկընդմիշտ լուծելու համար: Կառավարության նիստից հետո Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ կառավարությունը կքննարկի եւ կհասկանա, թե ինչպես կարելի է արտոնություն տրամադրել. «Նպատակը այն է, որ ժամանակավոր արտոնություն տանք, մինչեւ որ Հայաստանում այդ ամենի արտադրությունը դրվի»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ եթե բոլոր սարքավորումները արտադրվեն մեր երկրում, ապա դա 20-30 %-ով կնվազեցնի ինտենսիվ այգիների արժեքը: Իգնատի Առաքելյանը նշեց նաեւ, որ արդեն կան մի քանի ընկերություններ, որոնք հետաքրքրված են այս սարքավորումների արտադրման գործում: Գյուղնախարարն անդրադարձավ նաեւ Լուռու մարզում վերջին օրերին տարածված կենդանիների հիվանդություններին, նշելով, որ չի կարող ասել, դա դաբա՞ղ է, թե՞՝ ոչ. «Կա Հիվանդության նշաններ, որը հաստատված չէ, թե ինչ է: Հիմա նմուշառումը կանենք, կհաստատենք, նոր կասենք»,- նշեց նա ու հավաստիացրեց, որ վիճակն այս պահին համաճարակային չէ: Ինչ վերաբերում է աննախադեպ շոգի պատճառով գրանցված երաշտին, ապա նախարարը նշեց, որ խնդիր է նաեւ ջրի սակավությունը. «Համապատասխան ռեժիմով է ոռոգումը կազմակերպվում: Կան տարածքներ, որոնք Սեւանի ջրով չեն ոռոգվում, Ախուրյանի ջրամբարով են ոռոգվում, իսկ այնտեղ այս տարի այդքան ջուր չկա»: