Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կրեմլի պատի տակ եմ ապրում, իրենց վրա մնացած տներն ուզում են տան մեզ». Ֆիրդուսի բնակիչ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
firdus

Ֆիրդուսիի տոնավաճառում ճամպրուկային տրամադրություն է:   Առեւտրով զբաղվողները հավաքում են իրենց իրերը: «Գնում ենք Հրազդան ստադիոն»,- ասում է  Սարգիս Գրիգորյանը: Ապրանքը հավաքելու համար կոնկրետ ժամկետ քաղաքապետարանը նրանց չի տվել, սակայն գնորդների հոսքը նվազել է։ Մի կին անհանգիստ է. «Բոլորը գիտեն, որ փակել են ֆիրդուսը, ոչ ոք ներս չի մտնում»: Եթե առեւտրականները  տեղափոխվում են այլ շուկաներ, ապա այս թաղամասում ապրողները չեն էլ ուզում մտածել, թե ինչ է սպասվում իրենց: Նրանց տները եւս քանդվելու են. «Ուղղակի տուն են առաջարկում, փողն էլ չեն առաջարկում: Իրենց սարքած տները, որը մնացել է վրաները,  ուզում են մեզ տան, բայց իրենք իրավունք չունեն որոշեն, թե մենք որտեղ ապրենք: Տուն չեն առաջարկում,  4 պատ են առաջարկում, մեջը ոչ մի բան: Մնացածը մենք պետք անենք, իսկ այդ հնարավորությունը չունենք»,- ասում է  Անահիտ Բուրանյանը:  Իսկ Անահիտ Փխրիկյանի ընտանիքին  պատկանող տարածքը  կազմում է  2000 քմ։ «Չեմ կարող կոպեկներով տալ՝ Կենտրոն է,  Կրեմլի պատի տակ, հրապարակի կենտրոն է, չեմ պատրաստվում նրանց նվիրելու: Մինչեւ նորմալ չբանակցեն, իմ ուզած գինը չտան, չեմ տալու: Մինչեւ Եվրոդատարան կգնամ եւ իմս կպահանջեմ, սա ոչ գողացած է, ոչ էլ կոոպերատիվ առած, սա սեփականություն  է, պապենական եկել է»,- ասում է Երեւանի Կենտրոնի բնակիչը: Նա դեռ առաջարկ չի ստացել, բայց հարեւաններին առաջարկվող գումարի չափը՝ 1 քմ-ի համար 650 ԱՄՆ դոլարը,  նրանց չի բավականացնում: «Ասում են պետության կարիքների համար է, բայց ես ոնց տեսնում եմ, սա պետության կարիքների համար չէ, սա իրենց պետական կարիքների համար է: Իմ տան տեղը կառուցում են հյուրանոց, թող այդ հյուրանոցը տան ինձ: Զարմանում են,  բա ես քեզ  ոնց եմ 2000 քմ տալիս: 1000 քմ-ի վրա հյուրանոց կառուցի,  տուր ինձ»,- առաջարկում է Անահիտ Փխրիկյանը: Նախագծով նախատեսվում է բավական մեծ՝ 85 մ տրամագծով կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ: Կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն: Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել շուրջ 200.000 քմ մակերեսով շենքեր եւ շինություններ: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ: Ավելին՝ տեսանյութով