Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

10 տոկոսով ավելացել է աղբի քանակը. «Սանիթեք»-ը զգուշացնում է

Կարևոր լուրեր Հասարակություն
Sanitek_1

«Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին երկու ամիսների ընթացքում գրեթե 10 տոկոսով ավելացել է տեղափոխվող աղբի քանակը։ Հավաքվող աղբի քանակի նման ավելացումն, իհարկե, որոշ չափով ազդեցություն է գործել նաև աղբահանության գործընթացի վրա՝ ստեղծելով լրացուցիչ ծանրաբեռնվածություն։ Այդուհանդերձ, «Սանիթեք» ընկերության թիմն ուրախ է, որ Երևան քաղաքում ավելացել է զբոսաշրջիկների, քաղաքի հյուրերի ու առհասարակ այն մարդկանց թիվը, ովքեր նախընտրում են այցելել Երևան։ Այսպես, եթե 2016 թ. նույն ժամանակահատվածում «Սանիթեք»  ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017 թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։    Նշենք, որ համաշխարհային պրակտիկայում ընդունված է առհասարակ աղբահանության ոլորտի առանձնահատկությունների և գրանցվող փոփոխությունների հիման վրա վերլուծել տվյալ քաղաքում շրջակա միջավայրի կայուն զարգացման առկա վիճակը և հնարավորությունները, քաղաքային կյանքի ակտիվությունը։ Օրինակ՝ ուսումնասիրության են ենթարկվում կուտակվող աղբի քանակը, տեսակը, մարդկանց վերաբերմունքն աղբի նկատմամբ և շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցում։ Երևան քաղաքում նման փորձառությունը դեռևս ձևավորման փուլում է։ Այս համատեքստում «Սանիթեք»  ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է Երևանի բնակիչներին աղբը նետել աղբամանների մեջ, հատկապես՝ քաղաքի համար նման ակտիվ ժամանակահատվածում։ Այդպիսով միասին ավելի առողջ և գեղեցիկ միջավայր կստեղծենք քաղաքի բոլոր բնակիչների համար և մեր օրինակով կնսպատենք, որ քաղաքի հյուրերը ևս հետևեն շրջակայքը մաքուր պահելու կանոններին։ «Սանիթեք» ընկերություն