Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրատվամիջոցների դեմ դատական հայցերը շատացել են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ashot-melikyan

Ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների  նկատմամբ ճնշումներն ավելանում են: Սա նշանակում է, որ լրագրողներն այդ ժամանակահատվածում աշխատում են ծայրահեղ ծանր պայմաններում. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Խոսքի ազատության 2017 թվականի երկրորդ եռամսյակային զեկույցի ներկայացման ժամանակ Աշոտ Մելիքյանը խոսում է թվերի լեզվով. «Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների օրն արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 2, մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու և ճնշում գործադրելու 9 դեպք: Իսկ Երևանի ավագանու ընտրություններին նախորդող քարոզարշավի ընթացքում գրանցվել է լրագրողների նկատմամբ բռնության 1 և խոչընդոտման 2 դեպք: Իսկ հենց ընտրությունների օրը գրանցվել է  ֆիզիկական բռնության 2 դեպք և մասնագիտական գործունեության խոչընդոտման  5 միջադեպ»: Բանախոսը  նաև նշեց, որ այս տարվա երկրորդ եռամսյակին լրագրողների և լրատվամիջոցների դեմ դատական հայցերն են շատացել: ԶԼՄ-ների, լրագրողների դեմ ներկայացվել է 33  նոր հայց, ինչը Աշոտ Մելիքյանի խոսքով աննախադեպ է: Աշոտ Մելիքյանը հիշեց այն քաղաքական գործիչներին, որոնք վիրավորել կամ վատ են վերաբերվել լրագրողներին. «ՀՀԿ պատգամավոր Միհրան Պողոսյան, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյան, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյան, նաեւ աչքի ընկավ Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ այս պարագայում սրանք  շատ վատ օրինակներ են քաղաքական գործիչ-լրագրող հարաբերություններում»: