Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի մամուլի ակումբը մրցանակներ է հանձնել (տեսանյութ)

Հասարակություն
եմա

2017թ. հուլիսի 18-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ ԵՄԱ 22-րդ տարեդարձին նվիրված արարողությունը, որի ժամանակ հանձնվեցին ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ եւ Համայնքների  ֆինանսիստների միավորման հետ համագործակցությամբ իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի, ինչպես նաեւ՝ ԵՄԱ ամենամյա մրցանակները: ԵՄԱ մրցանակը սահմանվել է 1998-ից եւ տրվում է Հայաստանի լավագույն լրագրողներին, ԶԼՄ-ներին եւ մեդիա-կազմակերպություններին (տե՛ս http://www.ypc.am կայքէջի «Մրցանակներ» բաժինը)։ 2005 թվականից ի վեր, կյանքից անժամանակ հեռացած գործընկերների հիշատակին, ԵՄԱ-ն սահմանել է նաեւ անվանական մրցանակներ։   ՀաՄաՏեղ ծրագրի 2016-2017թթ. մրցանակակիրներ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում համայնքային եւ տեղական ինքնակառավարման համակարգի խնդիրները հետեւողականորեն լուսաբանելու համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «Անկյուն գումարած 3» հեռուստաընկերությունը: Մրցանակը հանձնեց Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը: Տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների թեմային հավատարմության համար Երեւանի մամուլի ակումբի եւ Համայնքների ֆինանսիստների միավորման մրցանակին արժանացավ «Հետք» պարբերականի թղթակից Երանուհի Սողոյանը: Մրցանակը հանձնեց «Համայնք-ՀաՄաՏեղ» թերթի խմբագիր Արեւհատ Գրիգորյանը: ԵՄԱ 2016-2017թթ. մրցանակակիրներ Հայաստանի մարզական կյանքի պրոֆեսիոնալ լուսաբանման համար լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն արժանացավ Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակին։ Մրցանակը հանձնեց Արմեն Նիկողոսյանի անվան մրցանակի առաջին դափնեկիր, մարզական լրագրող Վերա Մարտիրոսյանը։ Որակյալ լրագրությունը եւ նորարարությունը լավագույնս համադրելու համար «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար Նարինե Ղալեչյանն արժանացավ Վալերի Այդինյանի անվան մրցանակին։ Մրցանակը հանձնեցին Վալերի Այդինյանի այրին՝ Կարինե Բաբաջանյանը եւ ԵՄԱ փոխնախագահ Ավետ Դեմուրյանը: Հակամարտության պայմաններում Սիրիայի հայ համայնքի կյանքը պատկերող «Պատերազմի եւ խաղաղության կռիվը» ֆիլմաշարի համար Հայաստանի Հանրային հեռուստատեսության հատուկ նախագծերի խմբագիր Տիգրան Դանիելյանն արժանացավ Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակին։ Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը։ Հայաստանի առցանց մեդիայում եւ սոցիալական ցանցերում 2017թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման հետազոտության համար «Ռեգիոն» հետազոտական կենտրոնն արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը: Կեղծ տեղեկատվության տարածմանը դիմագրավելու նախաձեռնության համար Sut.am կայքն արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: Մրցանակը հանձնեց ԵՄԱ խորհրդի անդամ, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Հրապարակախոսական նյութի ինքնատիպ մատուցման համար լրագրող Լուսինե Հովհաննիսյանն արժանացավ Երեւանի մամուլի ակումբի մրցանակին: Մրցանակը հանձնեց ԵՄԱ վարչության անդամ, Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանը: