Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում սիրիահայերի բիզնեսի ձախողումը պատճառ ունի (տեսանյութ)

Քաղաքականություն
unnamed-12-4

Պետությունն ամեն ինչ է անում Հայաստան եկած սիրիահայերի համար։ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պատրաստ է եկար թվել արած գործերը. «Պետությունը նրանց կրթության հարցերը՝ մանկապարտեզից համալսարան լուծում է անվճար, պետությունը 3000 սիրիահայերի առողջական հարցերը կարգավորել է, սոցիալական խնդիրները կարգավորել է, միայն մի քանի ամիս առաջ 240 մլն դրամ է տրամադրվել սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման խնդիրները կարգավորելու համար»։ Բայց բաց է մնում թերևս ամենակարևոր՝ բնակարանային հարցը։ Պետության խոստացած «Նոր Հալեպ» թաղամասը չի կառուցվում։ Եվ սիրիահայերից շատերը միայն երազում են հայրենիքում սեփական տանիք ունենալ։ Հրանուշ Հակաբյանն այսպես է արձագանքում. «Մեր երկրում ամեն քաղաքացի չէ, որ ունի բնակարան։ Սիրիահայերի մի մասը գնել է, մի մասը պատրաստվում է։ Դաշնակցությունը երկու շենք է կառուցում, որպեսզի ավելի էժան միջոցներով տրամադրի մեր հայրենակիցներին։ Իսկ Ձեր ակնարկած խնդիրը, բազմիցս խոսել ենք դրա մասին, արդեն հոգնեցուցիչ է, իրենք պետք է որոշեն՝ կուզեն կկառուցեն, չեն ուզի, չի կառուցվի»։ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստին նախարարին ՓՄՁ Համագործակցության ասոցիացիայի ներկայացուցիչ Հակոբ Ավագյանը հիշեցեց Վերնիսաժում ապրանք վաճառելու տեղ չգտնող սիրիահայերի մասին։ 2 տարի առաջ 25 սիրիահայ թույլտվության խնդրանքով դիմել է քաղաքապետարան, բայց հարցը լուծում չի գտնում։  «Նման օժանդակությունները շատ ավելի առարկայական են, քան մենք անընդհատ ստիպված լինենք օգնել այդ ընտանիքին։ Կոպիտ ասած՝ այն ասացվածքն է, եթե մենք թույլ տանք, որ ինքը կարողանա ձուկ բռնի և ապրի, քան մենք անընդհատ այդ ձուկը նվիրենք»,- ասում է պարոն Ավագյանը։ Հայաստանում բիզնես սկսող սիրիահայերը երբեմն ձախողվում են՝ այստեղի շուկայի կանոններին խորթ լինելու և ինտեգրացիոն խնդիրների պատճառով։ Բացի այդ՝ հայաստանյան տնտեսությունը կառուցվածքով եվրոպականին է նմանվում, իսկ Սիրիայում առավել ազատական դաշտ է գործել։ Հակոբ Ավագյանն ասում է. «Մեծամասամբ՝ նախ շուկան է լրիվ ուրիշ, այսինքն՝ իրենց գնորդ-մատակարար շղթան է ուրիշ, իսկ մեզ մոտ ելնելով և աշխարհագրական դիրքից, և մեր քաղաքական, մաքսային պայմանագրերից, առկա է այլ իրավիճակ։ Այստեղ վերադասավորվելու խնդիր կա, այնտեղի բիզնես գաղափարը ոչ միշտ է, որ կարող է միանշանակ աշխատել Հայաստանում։ Մեծամասամբ չի աշխատում և պետք է փոխել»։ Հակոբ Ավագյանը միանշանակորեն կողմ չէ բիզնես սկսող սիրիահայերին հարկային կամ մաքսային արտոնություններ տալուն։ Կարծում է՝ Հայաստանում պետք է կիրառվի ներգաղթյալներ ընդունող ԱՄՆ-ի փորձը։  «Մենք բարձրացնում էինք այդ հարցը, իսկ ինչու չեք աջակցում բիզնես սկսելու հարցում, ամերիկացիներն ասում են՝ եթե ներգաղթյալն ուզում է ռեստորանային բիզնես ստեղծել, կարող է մտնել ռեստորանային բիզնեսում որպես վարձու աշխատող, մի հատ ներսից տեսնել, նոր հետո կմտածի՝ ստեղծել, թե չէ»։ Սիրիայում քաղաքացիական պատերազմից հետո Հայաստան է ներգաղթել 22000 սիրիահայ։ Նրանց ճնշող մեծամասնությունը ապրում է մայրաքաղաք Երևանում։